Ով է քաղաքապետին փոխարինողը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար ամենամեծ ինտրիգն այն է, թե ով է քաղաքապետի պահուստային նստարանին նստած անձը:
«Սերժ Սարգսյանին ճանաչողները գիտեն, որ նա երբեք մեկքայլանի բաներ չի անում. թե անցած անգամ, թե հիմա առաջին հնգյակի մեջ պետք է լինի մարդ, որը ֆորս-մաժորային իրավիճակում կփոխարինի բուն խաղացողին՝ քաղաքապետին, ինչպես եղավ նախորդ անգամ. «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հայտնությունը ցուցակում բոլորիս էր զարմացրել, մանավանդ որ Կարենը բացարձակապես չէր ուզում ընդգրկվել ցուցակում, այս մասին նա բարձրաձայնում էր բոլորիս մոտ: Սակայն, ինչպես տեսաք, հինգերորդ համարում գտնվող մարդը փոխարինեց Գագիկ Բեգլարյանին, ընդ որում, նույն այդ մարդը հնարավոր է և չիմանա, որ ինքն է լինելու փոխարինողը»,-ասաց մեր աղբյուրը:
Նույն վիճակն է նաև հիմա. ՀՀԿ-ում, բացի Սերժ Սարգսյանից, ոչ ոք չգիտի, թե «մետկան» ում վրա է դրված: Ցուցակի հաջորդ ինտրիգը վերաբերում է քաղաքապետի առաջին տեղակալի խնդրին. տևական ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետը չունի առաջին տեղակալ. կանոնակարգը սահմանում է, որ վերջինս պետք է համամասնական ցուցակից լինի, ՀՀԿ համամասնական ցուցակում չկար տեղական ինքնակառավարումից լրջորեն հասկացող մեկը, գործող տեղակալներին էլ օրենքը չէր թույլատրում նշանակել:
Հիմա այս բացը ևս փորձում են լրացնել պրոֆեսիոնալների ընդգրկմամբ: Նուրբ է խնդիրը նաև վարչական շրջանների ղեկավարների մասով. վերջիններս փորձում են ցուցակում ունենալ սեփական ներկայացուցիչները` հինգ-վեց մարդ, որպեսզի իրենց հարցերը հեշտությամբ լուծեն: Մեր տեղեկություններով` յուրաքանչյուր վարչական շրջանին հատկացվելու է երեք տեղից ոչ ավելի»: