Փաշինյանի խոստացած ապագայում ջերմուկցիները գործազուրկ են, թշնամին՝ քաղաքի մատույցներում

Կառավարության ուղիղ եթերով հեռարձակվող նիստերի մեծ մասը սեփական փիառի համար օգտագործող, ասֆալտած փողոցների հասցեները հատ-հատ կարդացող Նիկոլ Փաշինյանը, սակայն, երբեք չի խոսում այն աղետների մասին, որին արժանացել են, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի բնակիչները՝ իր պաշտոնավարման օրոք։

Թեև Փաշինյանը ջերմուկցիներին վստահեցնում էր, որ «Կա՛ ապագա», սակայն Ջերմուկում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար այդ ապագան ամենևին էլ լուսավոր չէ, որովհետև Փաշինյանի խոստացած այդ ապագայում ջերմուկցիները մնալու են առանց աշխատանքի, իսկ Ջերմուկ քաղաքը՝ առանց զբոսաշրջիկների։

Նախկինում զբոսաշրջության կենտրոն համարվող այս քաղաքը Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ զրկվել է զբոսաշրջիկներից ու նրանց բերած գումարներից, որովհետև նախկինում Ջերմուկ քաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական զորքն այժմ գտնվում է Ջերմուկի մատույցներում։

Նախկինում ինքնաբավ ու տուրիստաշատ այս քաղաքը հիմա պարբերաբար փող է խնդրում Կառավարությունից՝ ադրբեջանական զորքի պատճառած վնասները հատուցելու համար։

Կարդացեք նաև

Եթե մի քանի ամիս առաջ Ջերմուկ համայնքը ՀՀ Կառավարությունից խնդրեց գումար հատկացնել քաղաքի հյուրանոցների կոմունալ վճարները մարելու համար, ասել է թե, Հայաստանի բոլոր հարկատուները վճարեցին այդ գումարը, ապա հիմա Հայաստանի բոլոր հարկատուների վճարած հարկերի հաշվին 35 միլիոն դրամ է հատկացվել՝ ադրբեջանցիների վնասած և չաշխատող ճոպանուղին ամբողջությամբ նորոգելու համար։

Ավելին, Փաշինյանի խոստացած ապագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամեն ամիս հարկ են վճարում, որ դրանից ամեն ամիս 2 միլիոն դրամ Կառավարությունը հատկացնի իրենց վարած քաղաքականության հետևանքով հարկադիր պարապուրդի մատնված ջերմուկցիներին՝ որպես հատուցում։

12 ամիս չաշխատող ճոպանուղու աշխատակիցների հարկադիր պարապուրդի համար պետբյուջեից ամեն ամիս փոխանցվել է 2 միլիոն դրամ` ընդհանուր 24 միլիոն դրամ, հիմա ճոպանուղին նորոգելու համար հատկացվում է 35 միլիոն դրամ։

Ստացվում է, որ թշնամու ռազմական գործողությունների, իսկ հետո՝ դրան հաջորդած Հայաստանի իշխանության անարդյունավետ կառավարման հետևանքով առաջացած վնասների համար վճարում է Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացին: Միայն այս մեկ օրինակով պետական բյուջեից վճարվել է 59 միլիոն դրամ, արդյունքը դեռ տեսանելի չէ: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել իր ղեկավարած Կառավարության՝ ամենաարդյունավետը լինելու, աննախադեպ ձեռքբերումների մասին։

Տեսանյութեր

Լրահոս