Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ.
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝ ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ:
Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:
Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի: