Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել. CNN-ի անդրադարձը Արցախի շրջափակմանը

CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիք պակասին, էլեկտրական հոսանքի պարբերական անջատումներին։

CNN-ն Արցախում հումանիտար ծանր ճգնաժամին անդրադառնում է մարդկային պատմությունների միջոցով՝ ներկայացնելով այն զրկանքները, որոնց ամեն օր ենթարկվում են ադրբեջանական օղակում հայտնված արցախցի հայերը։

Պարբերականը զրուցել է Անի Կիրակոսյանի հետ, որը թերսնուցման և սթրեսի պատճառով հղիության երկրորդ եռամսյակում կորցրել է երեխային։

«Եթե չլիներ շրջափակումը, ես այսօր խաղալիս կլինեի երեխայիս հետ», – ասել է Կիրակոսյանը CNN-ին։

Պարբերականը նաև ներկայացնում է Ստեփանակերտում խանութ ունեցող Մաքս Մխիթարյանի պատմությունը, որը տեսանյութերով ցույց է տվել իր խանութի դատարկ ցուցափեղկերը՝ ցավով հայտնելով, որ մեկ շաբաթից արդեն կդառնա գործազուրկ՝ ստիպված փակելով խանութը, որտեղ այժմ միայն հաց, մեղր և օղի է վաճառվում։

Այս տարի երեխաների համար դպրոց գնալը ևս անհնար է դարձել՝ հաշվի առնելով թերսնումը, գրքերի, գրենական պիտույքների, հագուստի պակասը, հանրային տրանսպորտի բացակայությունը։

Հոդվածը վկայակոչում է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, համաձայն որի՝ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»։ Հոդվածում տեղ են գտել նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների գնահատականները ստեղծված իրավիճակի մասին, որոնք, ընդհանուր առմամբ, հանգում են մեկ բանի՝ Բաքուն ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ նրանց սովամահության ենթարկելով։

Արցախը հայաթափելու Բաքվի մտադրության մասին CNN-ին հայտնել է նաև Միչիգանի համալսարանում քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ռոնալդ Սանին։

«Բռնություն օգտագործելու փոխարեն, ինչը կարող էր ընդդիմություն առաջացնել արտերկրում, Բաքուն վճռել է հայերի կյանքն անհնար դարձնել, սովի մատնել նրանց և ստիպել հեռանալ», – ասել է նա։

Իր հերթին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն CNN-ին հայտնել է իր «խորը մտահոգությունը լուրջ հումանիտար իրավիճակի վերաբերյալ» և կոչ է արել լիովին վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Պարբերականին գրավոր մեկնաբանությունում նույնպիսի կոչ է հնչեցրել նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Սակայն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը CNN-ին հայտնել է, որ հիասթափված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքով և գտնում է, որ եվրոպական և ամերիկյան անգործության պատճառը զուտ աշխարհաքաղաքական է։

Պարբերականը, վկայակոչելով Reuters-ին, հիշեցնում է, որ 2022 թ․ հուլիսին ԵՄ-ն պայմանավորվել է մինչև 2027 թ-ը կրկնապատկել Ադրբեջանից գազի ներմուծումը։

«Մենք կորցնում ենք հույսը։ Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել», – հոդվածն ամփոփվում է Արցախի բնակչուհի Անահիտ Ղարաղազարյանի խոսքերով։

Տեսանյութեր

Լրահոս