Ռուբեն Հախվերդյանը` շարժման, Կևորկովի, երեք նախագահների, ծամոն ծամելու և այլնի մասին (տեսանյութ)

«Հասարակությունը դժգոհում է ոչ օբյեկտիվ ընտրությունների դեմ, և կարծում եմ` իրավացի է, որովհետև իմ խորը համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ անցել է, դրանից հետո` չըմբոստանա ժողովուրդը, ի՞նչ անի: Եվ հիմնականում շահել են այն գյուղերում, որտեղ համարյա մարդ չի ապրում, մի երկու-երեք պառավ, մեկի բերնում էլ ձեն չկար… Գնացել, լցրել ու լցրել են, մեռյալ հոգիների Հանրապետություն է սա»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց երգիչ և երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով վերջերս միանալով Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր շարժմանը, նաև բավական մեծ ակտիվություն է դրսևորում քաղաքական այս հետընտրական գործընթացներում:

Հախվերդյանը պատասխանել է այն մեղադրանքներին, որ ժամանակին ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն իրեն ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել, սակայն երգիչն այսօր քննադատության է ենթարկում նախագահին: Այս մասին Հախվերդյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ է իրեն ֆինանսական օգնություն հատկացրել` մանկական երգերի սկավառակի ձայնագրման համար: «Բայց մի՞թե դա կապ ունի քաղաքացիական դիրքորոշման հետ»,- հայտարարել է Հախվերդյանը: Շարունակելով թեման` մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ այս համատեքստում խոսել են նաև ՀՀ նախորդ նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` Հախվերդյանին տարբեր առիթներով օգնելու կապակցությամբ խոսակցությունների մասին` համարելով, որ բարոյական չէ իշխանություններից ստանալ օգնություն, իսկ այնուհետև «հայհոյել» նրանց: Ի պատասխան`Հախվերդյանը նախ նշել է, որ չի հայհոյել որևէ մեկին, այլ քննադատել է` ավելացնելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չի վերցրել:

«Ռոբերտ Քոչարյանի օրոք`Ռոբերտ Քոչարյանն ինձ երեք սենյականոց բնակարանի փոխարեն` չորս սենյականոց բնակարան է տվել… Ես իմ շնորհակալությունը հայտնել եմ: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես, բայց եթե մարդ սխալ է անում, դիտողություն չանե՞ս, որ տղա՛ ջան, ճիշտ չես անում: Օրինակ` Մարտի 1-ը կուլ տալո՞ւ բան էր, դուք կլռեի՞ք, թե՞ կխոսեիք»,- հարցրել է երգահանը:

Ռուբեն Հախվերդյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Ղարաբաղի մասին նրա հայտնի արտահայտությունը` փետրվարի 28-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում: «Նրանք, ովքեր հասկացել են, նրանց պետք չէ երկրորդ անգամ բացատրել, ովքեր չեն հասկացել, դա իրենց գործն է, սակայն ես կուզենամ ավելացնել, որ Սերժ Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, կայացել է սովետական Ադրբեջանում, և նա օգնականն էր մի մարդու, ում անունն է Կևորկով: Էդ Կևորկովի պատճառով Խորհրդային Միության տարիներին բավական հայաթափվեց Ղարաբաղը, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը նրա աջ ձեռքն էր` որպես կոմսոմոլի քարտուղար: Նրանք, ովքեր չեն հասկացել, կարծում եմ` գոնե իմ այս համառոտ բացատրությունից հետո բավարարված կլինեն»,- ասել է Հախվերդյանը:

«Իսկ ըստ Ձեզ՝ պարոն Սարգսյանը ոչ մի ներդրում չի՞ ունեցել ղարաբաղյան ազատամարտի մեջ»,- հետաքրքրվել է լրագրողներից մեկը: «Թերևս, ներդրում  ունեցել է մեր ամբողջ ժողովուրդը… անշուշտ, և կոռուպցիայի մեջ նույնպես ներդրում է ունեցել: Ես չգիտեմ` ի՞նչ չափով, բայց արել է, իհարկե: Բայց դա ի՞նչ կապ ունի պրեզիդենտության հետ»,- պատասխանել է Ռ. Հախվերդյանը:

Ռուբեն Հախվերդյանը խոսել է նաև այսօր ընթացող հետընտրական զարգացումների մասին՝ անդրադառնալով նաև ուսանողների կողմից սկսված դասադուլի թեմային:

168.am-ի հարցին` եթե Ռուբեն Հախվերդյանն իր հայտնի «Նախագահական ընտրություններ» երգը գրեր այսօր, այն ի՞նչ բովանդակային փոփոխություններ կունենար, կամ արդյո՞ք կգրեր այդ երգը, հայտնի երգահանը դժվարացել է պատասխանել, միայն նշել է. «Չեմ կարող ասել, երևի կգրեի: Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին գրել: Կարծում եմ, որ այն կոստյումը, որ կարել եմ առաջին իշխանությունների համար, սրանց վրա էլ լավ կնստի»:

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը բավական բարձր տրամադրություն ուներ և հաճախ կատակում էր: Նա ոչ միայն իրեն հատուկ ոճով պատասխանում էր հարցերին, այլև ողջ ասուլիսի ընթացքում ծամոն էր ծամում: Լրագրողների կողմից այս դիտողությանն ի պատասխան` երգահանը հիշեցրել է, որ, օրինակ, աշխարհահռչակ երգիչ Ջոն Լենոնն ամենահայտնի մարդկանց` նախագահների համար համերգ տալիս` ծամոն ծամելով էր երգում:

Ռուբեն Հախվերդյանից լրագրողները  հետաքրքրվել են, թե արդյո՞ք այդպիսով նա փորձում է նմանակել Ջոն Լենոնին: «Ո՛չ, դրանով ես ուզում եմ ցույց տալ իմ վերաբերմունքը հայ մամուլի նկատմամբ»,- պատասխանել է նա: Ավելի ուշ Հախվերդյանը նաև բացատրել է, որ նկատի ունի այն լրատվամիջոցներին, որոնք աղավաղում են իր խոսքը և այլ կերպ են այն ներկայացնում: Իսկ հետո նաև կեսկատակ-կեսլուրջ պատճառաբանել է, թե սխտոր է կերել, և, որպեսզի բերանից սխտորի հոտ չգա, և լրագրողները չուշաթափվեն այդ հոտից՝ ծամոն է ծամում:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս