Իռլանդիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ բացելու ԵՄ-ի կոչը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Միհել Մարտինի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։
«Բարձր գնահատելով միջազգային գործընկերների սկզբունքային դիրքորոշումը, որը հնչեցվել է, այդ թվում՝ ՄԱԿ-ում, կարևորվել է Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի վերականգնմանն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նման կազմակերպության լիարժեք աշխատանքին ուղղված հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության թեմային»,- գրել է Միրզոյանը։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաներին՝ Իռլանդիայի ԱԳ նախարարն իր հերթին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ կարևոր զրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում վերահաստատվել է ԵՄ-ի կոչը Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու և ԿԽՄԿ-ի օգնության հասանելիությունը ապահովելու մասին։
«Իռլանդիան կոչ է անում բոլորին մասնակցել համապարփակ կայուն խաղաղության բանակցություններին»,- գրել է Մարտինը։