Իսկ ի՞նչ էին մտածում մինչ այս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում մասնավորապես նկատել է, որ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության վերաբերյալ ներկայացվող որևէ պահանջ կրկնակի անտեղի է թվում այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Արցախն ադրբեջանական է ճանաչել:

Նկատենք, որ Ռուսաստանը պաշտոնական ներկայացուցչի միջոցով առնվազն երկրորդ անգամ է նման կոշտ, հասցեական հիշեցմամբ հանդես գալիս: Ավելի վաղ էլ էր Ռուսաստանից հայտարարություն հնչել, որ Արցախի (ինչպես իրենք են նշում՝ Լեռնային Ղարաբաղի կամ պարզապես՝ Ղարաբաղի)՝ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական ճանաչելն արմատապես փոխել է իրավիճակը: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների դիտողությունը կամ դիտարկումը, ինչպես կուզեք, տեղին է ու ճիշտ:

Իսկապես էլ, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ուրանալը, Արցախը ադրբեջանական ճանաչելը (հայտարարելը, հռչակելը) արմատապես փոխել է իրավիճակի բովանդակությունը: Նախ՝ դա Ալիևին ավելի է թևավորել, և նա, իրեն բացարձակապես անպատիժ զգալով, ձեռնարկեց Արցախի շրջափակումը, ապա՝ պաշարումը, ու հիմա, «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ, ինչպես ասվում է՝ օրը ցերեկով, իրականացնում է Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանություն: Մյուս կողմից՝ որքան էլ Զախարովայի դիտողությունը հիմնավորված ու տեղին լինի, հարցեր են ծագում: Նախ՝ ինչի՞ մասին էին նրանք մտածում մինչև այդ, երբ բոլոր փորձագետները միաձայն պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումների կիզակետում (թեկուզ ոչ որպես գործոն)՝ արագորեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից:

Իսկապե՞ս այդքան միամիտ էին, որ դա չէին նկատում: Հազիվ թե: Ուրեմն ո՞րն էր խնդիրը, մտածում էին՝ «սուզանավի միջից նրանք ո՞ւր ունեն գնալու»: Թե՞ այդ պահին այդպես էր պետք: Բայց չէ՞ որ 2020 թ. նոյեմբերյան հայտարարությունը երեք ստորագրություն ունի, դրա քանդվելը Ռուսաստանում չէի՞ն նկատում… Իհարկե, հեշտ է շրջվել ու ասել, թե՝ դա հայ ժողովրդի ընտրությունն է, ինչ իրենք ընտրել են, ըստ դրա էլ ամեն ինչ եղել է, ոչինչ անել չենք կարող: Բայց դա ավելի շատ Նիկոլ Փաշինյանին է բնորոշ՝ բոլոր մեղքերը գցել այլոց վրա: Իսկ Ռուսաստանում ոնց որ մի քիչ ուշ են մի թեթև «խառնվել իրար»:

Տեսանյութեր

Լրահոս