Րաֆֆի Հովհաննիսյան – Գագիկ Ծառուկյան – Ռոբերտ Քոչարյան
Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, կամ, ավելի ճիշտ, ինչո՞ւ Ծառուկյանը բավարարեց Հովհաննիսյանի խնդրանքը և իր գրասենյակում ընդունեց նրա գլխավորած պատվիրակությանը: Մեզ հասած տեղեկություններով` Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Անձամբ հեռախոսով կապվել է նրա հետ և խնդրել ընդունել իրեն` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: Սակայն Ռոբերտ Քոչարյանը մերժել է «Ժառանգության» ղեկավարին` պատճառաբանելով իր զբաղվածությունը: Այդ ժամանակ Քոչարյանը գտնվել է Ծաղկաձորում: Բայց մերժելով հանդիպել Հովհաննիսյանի հետ անձամբ, ըստ նույն աղբյուրների, նա խորհուրդ է տվել Հովհաննիսյանին հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ: Այսինքն` ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանին, Գագիկ Ծառուկյանը բավարարել է ոչ թե «Ժառանգության» ղեկավարի խնդրանքը, այլ կատարել է Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությունը:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն համարում է երկրի հաղթած նախագահ և համարում է, որ հայ ընտրողների մեծամասնությունը հենց իր օգտին են քվեարկել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ավելի տրամաբանական պետք է լիներ, որ խնդրողի դերում լիներ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Գագիկ Ծառուկյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պետք է մտածեր` ընդունի՞ Ծառուկյանին, թե՞ ոչ: Ի վերջո, ԲՀԿ ղեկավարը ոչ միայն նախընտրական շրջանում չպաշտպանեց Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ իր հայրենի գյուղի երեք ընտրատարածքներում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների 5 տոկոսի քվեները, իսկ Սերժ Սարգսյանը` 90 տոկոսի քվեները: ԲՀԿ այլ ներկայացուցիչներ ևս բացահայտորեն աշխատել են Սերժ Սարգսյանի օգտին:
Ավելին, «Ժառանգություն» կուսակցության անդամ, խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Գագիկ Ծառուկյանին խորհրդարանական բրիֆինգների ժամանակ բնութագրել էր` որպես «Բետոնախառնիչի սեփականատիրոջ հոգեբանությամբ օլիգարխ»: Այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը չհայտարարեց, որ չի կիսում Զարուհի Փոստանջյանի տեսակետը, կամ, որ այլ կարծիք ունի ԲՀԿ ղեկավարի մասին: Այդ դեպքում ինչո՞ւ է խնդրում, որ Ծառուկյանն ընդունի իրեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանում է, որ հայ հանրությունը շատ արագ հոգնելու է իր հանրահավաքներից, որտեղ ինքը ոչինչ չի ասում, բացի մի քանի ստանդարտ նախադասություններից: Եթե այսպես շարունակվի, ապա կարելի է չկասկածել, որ հրապարակը շուտով կդատարկվի: Հովհաննիսյանը մտածում է, որ հրապարակն աշխույժ պահելու համար իրեն պետք են նոր դաշնակիցներ, ովքեր կարող են օգնել իրեն: Օգնել նաև ֆինանսներով:
Դատելով հանրահավաքների կազմակերպման որակից, կարելի է եզրակացնել, որ Հովհաննիսյանն ունի ֆինանսական խնդիրներ: Ի տարբերություն նախորդ բոլոր հետընտրական հանրահավաքների, երբ ընդդիմության գրասենյակները հանրահավաքների կազմակերպման համար գումար էին բաժանում իրենց կողմնակիցներին, վճարում էին նրանց տրանսպորտային և սննդի ծախսերը, Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի ֆինանսական ներդրում չի կատարում հանրահավաքների կազմակերպման վրա: Ավելին, երբ տարածքային գրասենյակների ներկայացուցիչները դիմում են ֆինանսական աջակցության համար, կուսակցությունից պատասխանում են, որ այդ նպատակի համար գումարներ նախատեսված չեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր Գագիկ Ծառուկյանից նաև ֆինանսական աջակցություն ակնկալել: Չէ՞ որ հանրահավաքային շարժումն ակտիվ պահելու համար միայն էնտուզիազմը շատ քիչ է: Էնտուզիազմով մարդը մի անգամ կգա Երևան, երկու անգամ, բայց հետո էնտուզիազմը կվերանա:
Իսկ ինչո՞ւ պետք է Ծառուկյանը ֆինանսավորի Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս հարցին պատասխանելու համար, նախ` նկատենք, որ Ծառուկյանը մինչ այժմ չի շնորհավորել նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ երբեք չի խոսել այն մասին, որ կատարված ընտրակեղծիքներին մասնակից է եղել ԲՀԿ-ն` նրա ղեկավարի գլխավորությամբ: Բայց սա բավարար չէ, որ Ծառուկյանը ֆինանսավորի Հովհաննիսյանի հանրահավաքային շարժումը: Սա միայն արտաքին ֆոնն է: Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է ունենան կոնկրետ քաղաքական շահ: Արդ, ո՞րը կարող է լինել այն քաղաքական շահը, հանուն որի` ԲՀԿ-ն իր վրա կվերցնի Րաֆֆի Հովհաննիսյանի ֆինանսավորումը:
Առաջին և ամենակարևոր խնդիրը Սերժ Սարգսյանի թուլացումն է: Այլ բան է, եթե Սերժ Սարգսյանը հեշտ ու հանգիստ ստանձնում է նախագահի պաշտոնը, այլ բան է, երբ դա տեղի է ունենում համազգային ընդվզման և դժգոհության պայմաններում:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր պայքարը, կարողանում է ընդհարումներ կազմակերպել իշխանության հետ, լինում են ձերբակալվածներ և դատապարտվածներ, որոնք հռչակվում են քաղբանտարկյալներ, լինում է ստվերային կառավարություն և Ավետարանի վրա երդում տված Րաֆֆի Հովհաննիսյան, երկրում լինում է բոլորովին այլ քաղաքական իրավիճակ: Նման իրավիճակը կանխելու համար Սերժ Սարգսյանը, հնարավոր է, որ բանակցի Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ: Իսկ ամեն մի խնդրանք և դրա բավարարում ունի իր գինը:
Ի վերջո, խոսվում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Ծառուկյանը ֆինանսավորում է ընդդիմադիրներին: ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ծառուկյանը ֆինանսավորել է նաև իրենց հանրահավաքային պայքարը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման պատճառներից ամենահիմնականն էլ, ըստ ներկուլիսային խոսակցությունների, այն էր, որ Ծառուկյանը մերժեց ֆինանսավորել նրա ընտրարշավը:
Հ.Գ. Երեկ «168 Ժամի» թղթակիցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից փորձել է ճշտել տեղեկություններն այն մասին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ո՛չ նման բան չի եղել»,- պատասխանել է Սողոմոնյանը: