Գեներալ Մանվել Գրիգորյանը մեկնաբանում է, թե ինչու Էջմիածնում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ ստացավ

2013թ-ի նախագահական ընտրությունների արդյունքները տարբեր տեղեի տարբեր են եղել. համայնքների մեծ մասում Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ է հաղթել, ինչպես օրինակ, Պեմզաշենում, որի գյուղապետը երկրապահ է: Եղել են նաև տարածքներ, օրինակ, Էջմիածինը, որի քաղաքապետն էլ երկրապահ է` իմ որդին, որտեղ այն արդյունքը չի եղել, որ շտաբը կկամենար: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն` անդրադառնալով ընտրությունների ընթացքին: Նա խոսել է նաև նման արդյունքներ ստացվելու պատճառների մասին, ինչպես նաև անդրադարձել Սպարապետ Վազգեն Սարգսյանի տարեդարձին:

-Պարոն Գրիգորյան, գիտենք, որ ԵԿՄ-ի օրացույցում մարտի 5-ը կարմիրով է նշված, ինչո՞վ է այդ օրը առանձնանում ԵԿՄ-ի համար:

-Մարտի 5-ը Երկրապահի համար պաշտոնապես տոնական օր է և վատ չէր լինի ողջ հայ ազգն էլ Սպարապետի ծննդյան օրը ազգային տոն համարեր: Վազգենն այն մարդն է, ով մեր ազգի հաղթական ազատագրական պայքարը ղեկավարեց, ով միավորեց երկրապահ ջոկատներն ու կանոնավոր բանակ հիմնադրեց: Վազգենն այն մարդն է, ով հային պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն պարտադրեց: Վազգենը Երկրապահի հավերժ նախագահն է ու հասարակական, քաղաքական և իհարկե` պետական գործիչ: Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս համաժողովրդական տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ Արցախի բնակչությանը, սփյուռքահայերին, սահմանին կանգնած մեր հայ զինվորին: Շնորհավորում եմ մեր նահատակ ընկերներին, հերոսներ ծնած հերոս մայրերին: Բնականաբար, շնորհավորում եմ մեր սիրելի Գրետա մայրիկին: Այդ ուժեղ կինը ծնել և դաստիարակել է մեր Սպարապետին:

Առավոտ վաղ մեկնելու ենք Արարատ` Վազգեն Սարգսյանի հայրական օջախում շնորհավորելու տոնը: Այնուհետև Եռաբլուրում տեղի կունենա «Պատանի երկրապահ» ստորաբաժանման նորագիրների երդման հանդիսավոր արարողություն: Պատանիները հենց Եռաբլուրում կերդվեն` դառնալով վազգենական: Այսօր ՙՊատանի երկրապահ՚ ստորաբաժանումը մի քանի հազար անդամ ունի, որոնք հայեցի դաստիարակություն ստացող երեխաներ են, որոնց սովորեցնում ենք ե’ւ զենքին տիրապետել, ե’ւ մարտարվեստ, ե’ւ հայոց պատմություն ու հայրենաճանաչողություն: Այս երեխաները բանակ են մեկնում իբրև պատրաստի կադր: Սա ամենալավ նվերն է Սպարապետին իր ծննդյան օրվա կապակցությամբ, երբ 2 հազար պատանիներ Եռաբլուրում հայրենիքին ծառայելու, իսկական հայ լինելու երդում են տալիս: Սա Վազգենի երազանքն էր: Սպարապետն ասում էր. «Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս և ուր է գնալու: Այսպիսին պիտի լինի 21-րդ դարի հայ երիտասարդությունը»:

-Նոր սերունդն ունա՞կ է պաշտպանելու ռազմական ձեռքբերումները:

-Հիանալի սերունդ է մեծանում: Դուք ճիշտ եք: Ձեռք բերելուց ավելի դժվար ու կարևոր է ձեռքբերածը պահպանելը: Ես հավատում եմ մեր պատանիներին, մեր երիտասարդ երկրապահներին: Այս պատանիներն ու երիտասարդները, ավելին` են անելու, քան մենք ենք արել: Վստահ եղեք, որ մեր պետությանը, մեր երկրին, մեր ազգին լավ ապագա է սպասվում: Ոչ մի ոսոխ այլևս չի համարձակվելու ոտնձգություն կատարել մեր երկրի հանդեպ: Մեր Սպարապետի և մյուս ընկերների արյամբ ձեռք բերված, ազատագրված տարածքներն անձեռնմխելի են, նաև` Հայաստանի, Արցախի անվտանգության երաշխիքն են: Նոր սերունդն է°լ պատրաստ է: Մե°նք էլ դեռ ուժեղ ու հզոր ենք: Արցախյան պատերազմի վետերաններն այսօր ևս պատրաստ են հարկ եղած դեպքում կանգնել առաջին շարքերում:

-Ի՞նչ կասեք Հայաստանի նախագահի ընտրության և ծավալվող հետընտրական գործընթացների մասին:

-ԵԿՄ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրության կապակցությամբ, հայ ժողովրդին էլ` ազատ, արդար ընտրությունների անցկացման կապակցությամբ: Այս ընտրություններն անցան ժողովրդավարական` մամուլն էլ ազատ աշխատեց` Ձեզ էլ եմ շնորհավորում, թեկնածուներն էլ հավասար հնարավորություններ ունեին: Հիմա էլ ամենաառաջադեմ, ժողովրդավարական պետություններին բնորոշ հետընտրական պրոցեսներ են: Ես, իհարկե, կողմ չեմ նման մեթոդներին: Մեր երկիրը դեռ պատերազմի մեջ է, և լավ կանենք, որ հիմնական մեր գործով զբաղվենք: Ես, մեր Սպարապետի ավանդին հավատարիմ, պետականամետ եմ, անընդհատ մտածում եմ, որ հանկարծ մեր ազգի թշնամիները չօգտվեն մեր երկրի ներսի խառնակ վիճակից: Շատ լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, որ նույնպես երկիրը, պետությունը սիրող հայրենասեր մարդ է, շնորհավորի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին:

Էլի օրվա խորհրդին համապատասխան հիշեցնեմ, որ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ խավարն անիծելու փոխարեն ավելի լավ է մեկ մոմ վառել: Ի վերջո, աշխարհի բոլոր պետություններն էլ ընդունել են փաստը, որ Հայաստանն օրինակելի ընտրություններ է անցկացրել: Մեր դիտարկումներն էլ ցույց են տալիս, որ ընտրությունները շատ ավելի լավն են եղել, քան նախորդ բոլոր ընտրությունները: Երկրապահն էլ ակտիվորեն մասնակցել է պրոցեսին: Հիսունից ավելի համայնքի ղեկավար երկրապահ կա, որոնցից շատերն ընդգրկված են եղել Սերժ Սարգսյանի ընտրական շտաբերում, շատերը հենց տեղական շտաբեր են ղեկավարել:

-Շատերի համար անակնկալ էր այն հանգամանքը, որ էջմիածնում Սերժ Սարգսյանը պարտվեց: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:

Արդյունքները տարբեր են եղել: Համայնքների մեծ մասում Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ է հաղթել, ինչպես օրինակ, Պեմզաշենում, որի գյուղապետը երկրապահ է: Եղել են նաև տարածքներ, օրինակ, Էջմիածինը, որի քաղաքապետն էլ երկրապահ է` իմ որդին, որտեղ այն արդյունքը չի եղել, որ շտաբը կկամենար: Բայց բոլոր տարածքների համար ընդհանրականն այն է, որ ընտրություններն անցել են մաքուր, ոչ ոք չի կպել ժողովրդի քվեին: Իհարկե, դեռ տեղ ունենք ավելի կատարելագործվելու, բայց ամեն ինչն էլ քայլ առ քայլ է ստացվում: Արցախյան պատերազմն էլ որսորդական հրացաններով սկսեցինք, բայց հաղթեցինք, պետություն ստեղծեցինք ու հիմա արդեն հայկական երկու պետությունների բանակները զինված են ժամանակակից տեխնիկայով: Մեր պետությունը դեռ 21-22 տարեկան է, դեռ կհասցնենք բոլոր բնագավառներում էլ աշխարհում առաջատար լինել: Այդ հավատով էլ ապրենք ու կառուցենք այն երկիրը, որի մասին երազել են մեր մարտական ընկերները, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Եկեք մեկ անգամ ևս շնորհավորենք մեր ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Շնորհավորենք նաև ամենքին գարնանամուտի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս