Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Վարշավայի և Կիևի միջև հարաբերությունների վատթարացման մասին

Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է Վարշավայի և Կիևի միջև հարաբերությունների վատթարացման մասին՝ երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ հայտարարություններից հետո դիվանագիտական ​​սկանդալի ֆոնին։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Հուլիսի 31-ին Լեհաստանի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ էր կանչվել այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահի աշխատակազմի նախարար Մարչին Պշիդաչը նշել էր, որ Կիևն անշնորհակալ է գտնվել Վարշավայի կողմից օգնության համար։

Ինչպես հաղորդել է ուկրաինական «Европейская правда» հրատարակությունը, Պշիդաչը լեհական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կիևը հսկայական աջակցություն է ստացել Վարշավայից, և որ Ուկրաինան պետք է սկսի գնահատել այն դերը, որը Լեհաստանն Ուկրաինայի համար խաղացել է վերջին ամիսների և տարիների ընթացքում:

Լեհաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հաղորդել է, որ Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարն, իր հերթին, Լեհաստանի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունների պատճառով։

«Զրույցը, ինչպես միշտ, լինելու է անկեղծ և առարկայական: Մենք կներկայացնենք մեր գնահատականը, թե ինչպիսին են մեր փոխհարաբերություններն այսօր, և, ցավոք, դրանք լավագույնը չեն վերջին ժամանակներս Ուկրաինայի իշխանությունների մի քանի ներկայացուցիչների հայտարարությունների պատճառով: Ոչ ոք դա չի թաքցնում: Դա պայմանավորված է նրանով, որ, ցավոք, այնտեղ (Ուկրաինայում) որոշ հույզեր են ի հայտ եկել: Մենք դրան ըմբռնումով ենք վերաբերվում… բայց չի կարելի այդպես գնահատել ձեր դաշնակիցներին», – ասել է Յաբլոնսկին RMF FM ռադիոկայանի եթերում:

«Կան հարցեր, որտեղ մենք փոխըմբռնման չենք հասել: Մենք առաջնորդվում ենք ազգային շահերի քաղաքականությամբ: Օգնում ենք միայն այնքանով, որքանով դա բխում է մեր ազգային շահերից», – հավելել է նա

Տեսանյութեր

Լրահոս