Անդրիաս Ղուկասյանը նույնպես դիմել է Սահմանադրական դատարան
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր թեկնածու, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել անցկացված ընտրությունները։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ղուկասյանը մանրամասնեց, որ ինքն այսօր դիմել է ՍԴ, սակայն քանի որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ամբողջովին չի ներկայացրել, Սահմանադրական դատարանը վաղը՝ նախկին թեկնածուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո է որոշելու՝ գործը ընդունում է քննության, թե ոչ։
Հիշեցնենք՝ այսօր նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները ևս դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և «արձանագրել ընտրությունների իրական արդյունքները»: