Բաժիններ՝

«Ամեն ինչ թողեցինք թշնամուն ու դուրս եկանք.  ի՞նչ խաղաղ ապրելու մասին է խոսքը, ամեն օր մարդկանց առևանգելու են». Հադրութից տեղահանված

Այսօր առավոտյան Արցախից տեղահանված մի խումբ բնակիչներ հայտարարեցին, որ նստացույց են իրականացնելու՝ Բերձորի միջանցքն ապաշրջափակելու և Արցախի ինքնորոշումը ճանաչելու պահանջով։

Ի տարբերություն տեղահանված տղամարդկանց, կանայք չցանկացան տեսախցիկի առջև խոսել, պատճառաբանելով, թե կհուզվեն ու չեն ուզում, որ իրենց արցունքները շատ մարդ տեսնի։ Հուզվում են, որովհետև մի ամբողջ հայրենիք են կորցրել, Հադրութում թողած իրենց մեծ շենի կարոտից են հուզվում, այս պահին ադրբեջանական գերության մեջ գտնվող արցախցի իրենց քույրերի ու եղբայրների համար են հուզվում, շրջափակման պայմաններում կիսասոված ու մահացող մանուկների համար են հուզվում, հուզվելու պատճառները 44-օրյա պատերազմից հետո շատ-շատ են։

Հադրութի Թաղասեռ գյուղից տեղահանված 63-ամյա Ռիմա Բուդաղյանը 168.am հետ համաձայնեց խոսել մեկ պայմանով, եթե տեսախցիկն անջատենք։

Տիկին Ռիման հայրենի գյուղն արդեն երկրորդ անգամ է լքում։ Առաջին անգամ  լքել է  90-ականներին, մի քանի օրով է դուրս եկել գյուղից, երբ վտանգը մեծ էր, որ թշնամին կմտնի գյուղ ու ցեղասպանություն կիրականացնի, բայց երբ ամեն ինչ հանդարտվեց, մի քանի օր անց երեխաների հետ վերադարձավ իր տուն։ Այս անգամ օդային հարվածների ու ռումբերի տակ է լքել գյուղը՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ չկորցնելով հույսը, որ մի օր վերադառնալու է։

«Թոռնիկներս շատ փոքր էին, ծոռներս էլ, վտանգի մեջ էին թշնամու կողմից։ Գյուղից միանգամից տեղափոխվել ենք Գորիս, այնուհետև այլ մեքենայով գնացիք Բյուրեղավան և տուն վարձեցինք, տղաներս ու ամուսինս մնացել էին Հադրությում, դիրքերում էին։ Գյուղում այդ օրերին վիճակն ահավոր էր, վերևից, կողքերից, բոլոր տեղերից թշնամին կրակում էր խաղաղ բնակավայրերի վրա։ Երեխաների համար դուրս եկանք, թե չէ դժվար տղաներիս ու ամուսնուս այնտեղ թողնեի ու դուրս գայի։ Պատերազմից հետո տեղափոխվեցինք Մարտակերտ, այնտեղ էինք ապրում։

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ի շրջափակումից հետո չենք կարողանում վերադառնալ Արցախ։ Ամուսինս աչքերի խնդիր ունի, դեկտեմբերի 6-ին եկել էինք Երևան՝ որպեսզի վիրահատենք, դրանից հետո շրջափակումը եղավ, չկարողացանք վերադառնալ»,- նշեց Ռիմա Բուդաղյանը։

Տիկին Ռիմայի բազմանդամ ընտանիքը երեք տուն է թողել Թաղասեռում, գյուղատնտեսական տեխնիկա, անասուն, մեծ հողատարածքներ, երջանիկ ապրում էին, որևէ բանից չէին դժգոհում, քանի որ իրենց տանն էին, սեփական հողում։

«Ամեն ինչ թողեցինք թշնամուն, ամեն ինչ, գրեթե մերկ դուրս ենք եկել տանից, մեր վրայի շորերից բացի, այլ շոր չենք վերցնել։ Վտանգն օրեցօր մոտենում էր գյուղին, ամեն վայրկյան ԱԹՍ-երը վերևից կրակում էին, մյուս կողմից «սմերչով» էին կրակում, ուղղակի հնարավոր չէր երեխաներին անտեղ պահել»,- պատմեց տիկին Ռիման։

Նրա վստահեցրեց,  չի ցանկանում մեծ ուշադրություն դարձնել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերին, քանի որ հայտնի է՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում, այդուամենայնիվ անդրադարձավ նրա հնչեցրած  կոնկրետ հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ Արցախից բոլորը փախնում էին Հայաստան։

«Դա ճիշտ չէ, Արցախից ով այդ օրերին եկել է Երևան, բոլոր մեքենաների վարորդները եղել են երեխաներ, նման հարյուրավոր պատմություններ կան։ Արցախում այս կռվի դարաշարջանում, բոլորն իրենց երեխաներին մեքենա վարել են սովորեցնում։ Մեծահասակներն Արցախում են եղել, փոքր տղաները իրենց մայրերին, քույրերին, տատիկ-պապիկներին են հասցրել Հայաստան։ Բա որ Արցախցին փախել է, այդքան զոհ որտե՞ղ է եղել, վիրավորների ու անհետ կորածների մասին էլ չեմ ասում։ Ինձ համար անընդունելի է այս տարաբաժանումը, բոլորս էլ հայ ենք»,- շեշտեց Ռ. Բուդաղյանը։

Հադրութից տեղահանված կինը  հույս ունի, սակայն, որ վերադառնալու է Թաղասեռ, քանի որ դժվար է տանից հեռու ապրել, իսկ ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելը անհնարին է համարում։

«Ի՞նչ խաղաղ ապրելու մասին է խոսքը, ամեն օր մարդկանց առևանգելու են, այն ժամանակ ապրել ենք միասին, բայց հիմա ուրիշ է, հիմա չկա այդ վստահությունը, մեկ է, հայ սպանելու մոլուցքն իրենց մեջ միշտ կա»,- եզրափակեց Ռիմա Բուդաղյանը։

Տեսանյութեր

Լրահոս