Բաժիններ՝

«Կարծում եմ, ճիշտ մրցույթ չէ․ իրականում լավ մասնագետները պետք է ընտրեն գեղարվեստական ղեկավար, որն էլ արդեն կգտնի իր տնօրենին». Բարսեղ Թումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի օգոստոսի 4-ին, հարցազրույցի փուլը՝ օգոստոսի 8-ին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար կմրցի 6 թեկնածու։

Նախարարությունը մրցույթի մասնակիցների անունները գաղտնի է պահում, սակայն մամուլում արդեն շրջանառվում է մի քանի անուն։ «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ մրցույթի մասնակիցներից մեկը «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանն է, մյուսը՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Քանի որ երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ հնարավոր է՝ տնօրենի պաշտոնում նշանակվի աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, 168.amփորձեց նրանից պարզել՝ արդյոք մասնակցելո՞ւ է մրցույթին։

«Ոչ, մրցույթի չեմ մասնակցում։ Առաջինը՝ տարիքային խնդիր կա, երկրորդը՝ դա ոչ թե գեղարվեստական ղեկավարի, այլ տնօրենի մրցույթ է»։

Հարցին, իսկ եթե գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ լինի, կընդունի՞, օպերային երգիչը պատասխանեց․

«Նայած, ով կլինի տնօրենը։ Ամեն դեպքում, կարծում եմ, ճիշտ մրցույթ չէ։ Իրականում լավ մասնագետները պետք է ընտրեն գեղարվեստական ղեկավար, որն էլ արդեն կգտնի իր տնօրենին, որովհետև այն մշակութային ինստիտուտ է։ Այդ մրցույթները ոչ միշտ են օբյեկտիվ և անիմաստ են, բայց հուսանք, ճիշտ ընտրություն կարվի»։

Տեսանյութեր

Լրահոս