Լյուդմիլան՝ Րաֆֆիին. «Անբարոյականություն է»
Մարտի 1-ի գործի բացահայտումը մեկ քայլով առաջ կգնա, երբ իշխանությունները, իրենց խոստման համաձայն, նպաստեն Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ խոսքը դեռևս անցյալ տարի Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջարկված` 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության, մի քանի վիրավորների դեպքերով իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցը Ազգային ժողովի նոր ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա դարձնելու մասին է: Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրել է Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արված հայտարարության մասին, այն է՝ «Մարտի մեկի գործի բացահայտումը նաև իմ պատվի հարցն է»: ԱԺ պատգամավորը նաև նշել է, որ արդեն երկրորդ անգամ իրենք փորձում են հավատալ Սերժ Սարգսյանի խոստմանը, բայց մինչ այս պահը ոչ մի քայլ բացահայտման ուղղությամբ դեռևս չի կատարվել:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե «Մարտի 1-ը մինչև հիմա չի լուծվել, և Դատախազություն պետք է հրավիրվեն բոլոր երեք նախագահները` պատասխան տալու համար», Լյուդմիլա Սարգսյանն ասել է. «Կարող եմ միայն այն ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չուներ հավասարության նշան դնելու երեք նախագահների միջև: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ղեկավարում էր ժողովրդին, ամեն ինչ անում էր, որ ժողովուրդը փորձանքի մեջ չընկնի, և, որ խաղաղ ցույցերի միջոցով կարողանանք հասնել արդարության, ժողովրդի քվեի արդարության, ապա Ռոբերտ Քոչարյանը` խախտելով Սահմանադրական կարգը, ազատ խոսքի իրավունքը, զենք կիրառեց ժողովրդի վրա: Զուգահեռ տանել երեք նախագահների միջև` անբարոյականություն է»: