Մեղքի զգացո՞ւմն է ճնշում ՀՀԿ-ին. մամուլ
««Եթե մտածում եք, որ Հանրապետականը պետք է ձեր ուզած պահին, ձեր ուզած ծաղիկների գույնով այնտեղ լինի, չարաչար սխալվում եք»,- երեկ «Ժամանակին» ասաց Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ականները չեն այցելում և Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք չեն մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Մեր հարցին՝ որպես ՀՀԿ-ական այցելե՞լ է Մյասնիկյանի արձանի մոտ, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես` որպես ՀՀԿ-ական, չեմ այցելել և չեմ կարծում, որ այցելելով պետք է ինչ-որ քայլ կամ գործողություն կատարել՝ կապված մարտիմեկյան դեպքերի հետ»։
Մեր հաջորդ հարցին, թե՝ սեփական մեղքի զգացո՞ւմն է ճնշում, որ ՀՀԿ-ն չի գնում հարգանքի տուրք մատուցելու, Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ Մարտի 1-ը չի կարելի քաղաքական առումով որևէ կերպ շահարկել։ Հանրապետականները Մարտի 1-ի 10 զոհերի հետ կապված բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը, իրենց մտահոգությունները և տեսակետը: Ավելացնելու որևէ բան չունեմ»»: