ԱՄՆ-ը ՀՀ իշխանությունների հետ կոնկրետ խոսակցության է անցնում․ ի՞նչ ընտրության առջև է Երևանը

Հայաստանում է ԱՄՆ Պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությունը։ Հայտնի դարձավ, որ պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը՝ գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից։

«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Իրականում ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը ոչ լիարժեք է արտահայտում այն օրակարգը, որով Օ՛Բրայենը ժամանել է Երևան։ Այցից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդել էր, որ Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։ Հարկ է հիշեցնել նաև, որ Ստոկհոլմում՝ Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ամերիկացի պաշտոնյան նշել էր, թե Հայաստանն այն պետություններից մեկն է, որի գործողությունները «հնարավորություն են տալիս Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները»։

Ամերիկացի դիվանագետի խոսքով, խնդիրը Վաշինգտոնի տեսանկյունից բավական լուրջ է։

«Դա նշանակալի խնդիր է, այդ իսկ պատճառով մենք այցելում ենք Ղազախստան, Վրաստան, Հայաստան։ Մեր բանակցային թիմերը մեկնում են նաև Թուրքիա, այլ վայրեր, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս ամենի արդյունքում մեզ հաջողվել է պարզել, որ Ռուսաստանն այս տարեսկզբին կարողացել է մի շարք առանցքային էլեկտրոնային սարքավորումների ներկրումը հասցնել նախապատերազմական մակարդակի։ Մենք չենք ցանկանում, որ դա շարունակվի»,-  ասել էր Օ՛Բրայենը՝ շարունակելով, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը ոչ թե միանգամից կոշտ քայլերի դիմելն է, այլ գործընկեր պետություններին համբերատար համոզելը, որ իրենց անհամեմատ ավելի ձեռնտու է երկարաժամկետ կտրվածքով զերծ մնալ Ռուսաստանի հետ գործարքների կնքումից։ Ամերիկյան կողմն այս խնդրից խոսում է վերջին ամիսներին Պետքարտուղարության մակարդակով և փաստորեն այս այցով ամերիկյան կողմն այս հարցով կոնկրետ խոսակցություն է սկսում Երևանի հետ։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ եթե Երևանն ակնկալիքներ ունի Միացյալ Նահանգներից՝ որպես գործընկեր, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ցանկանում է ԱՄՆ-ին տեսնել՝ որպես միջնորդ, որպես ձեռքբերվելիք պայմանավորվածությունների երաշխավոր՝ նոր դերով Հարավային Կովկասում, և ԱՄՆ-ը որոշ ակնկալիքներ փորձում է բավարարել, ապա Նահանգները ևս սկսում է Երևանից իր ակնկալիքները կոնկրետ ձևակերպել։

Ըստ նրա՝ այս պաշտոնյայի այցը նշանակում է, որ ընթանում է կոնկրետ խոսակցություն այն հարցի շուրջ, թե ինչպես է այսուհետ Երևանն իրեն դրսևորելու այն հարցում, որի վերաբերյալ Վաշինգտոնը լուրջ մտահոգություններ ունի։

«Հարաբերությունները երկկողմանի գործընթաց են, և, բնականաբար, նաև ԱՄՆ-ն է իր պահանջները, օրակարգերը փորձում առաջ տանել, և սա հենց այդպիսի օրակարգ է։ Մյուս կողմից՝ սա Երևանին կանգնեցնում է հստակ աշխարհաքաղաքական ընտրության առջև։ Կարող է թվալ, որ Երևանն ընթանում է արևմտյան ուղղությամբ, հնչում է քննադատություն Ռուսաստանի հասցեին, սակայն իրավիճակն Արևմուտքի տեսանկյունից միանշանակ չէ, քանի որ, այնուամենայնիվ, ՀՀ-ն շարունակում է մաս կազմել եվրասիական ինտեգրացիոն կառույցներին, բավականին ակտիվ տնտեսական հարաբերություններով, և ըստ Արևմուտքի՝ նաև կան երկրներ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, այդ թվում՝ Հայաստանը։ Արևմուտքը սա չի պատրաստվում հանդուրժել ակնհայտորեն։

Սա, կարծում եմ, Երևանի համար խնդիր է, քանի որ իր հերթին՝ ակնկալիքներ ունի Մոսկվան, և Երևանը պետք է կարողանա մերժել, ինչն էլ, բնականաբար, լավ չի ընդունվելու Մոսկվայի ու Կրեմլի կողմից, քանի որ հիմնականում սարքավորումների հարցը շատ կարևոր է Ռուսաստանի համար»,- ասաց Գոգոլաշվիլին։

Ըստ նրա, եթե պաշտոնական հաղորդագրությամբ հանդիպման օրակարգը հստակ չի ներկայացվում, նշանակում է՝ Երևանն այնուամենայնիվ խուսափում է իրական օրակարգը հրապարակայնացնելուց։

«Թեև վստահ եմ, որ ռուս գործընկերները հստակ պատկերացնում են, թե Օ՛Բրայենն ինչ հարցով է ժամանել Երևան, և կարծում եմ՝ հայ-ռուսական խորհրդակցություններ այս հարցով ևս կլինեն, ՌԴ-ն անպայմանորեն արձագանքելու է այս բանակցություններին։ Իսկ օրակարգն այս այցի, ըստ իս, այն է, որ ամերիկյան կողմը ՀՀ իշխանություններին ներկայացնում է, թե ինչ է սպասվում, եթե ՌԴ-ին պատժամիջոցների հարցում շրջանցելուն օգնությունը շարունակվի։ Եթե չեմ սխալվում, ամերիկյան կողմը խոսում էր վերջերս մինչև անգամ պատժամիջոցների մասին։ Կարծում եմ՝ ամերիկյան կողմը նաև փորձելու է հասկանալ, թե ինչ են մտադիր անել ՀՀ իշխանությունները։

Ամերիկացի դիվանագետները հասկանում են, որ սա բարդ հարց է ՀՀ իշխանությունների համար, սակայն Ուկրաինայում սկսված պատերազմի ֆոնին Արևմուտքն աշխարհաքաղաքական ընտրության հարցերը շատ ավելի կոշտ է դնում։ Ավելին՝ կոնկրետ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, որը կարևորում է որպես ռեգիոն՝ պայմանավորված ՌԴ-ի ազդեցությամբ և Իրանի հարևանությամբ։ Ուստի ԱՄՆ-ը քիչ-քիչ ավելի կանխատեսելի ռեգիոնի է ձգտում այստեղ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս