ԱԱԾ աշխատակիցն՝ ամբաստանյալի աթոռին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, վաղը կսկսվի ԱԱԾ աշխատակցի կողմից գործարարի՝ առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու փորձ կատարելու գործով դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը որոշել է հանդիպել Չինաստանից ՀՀ ջինսե տաբատների ներկրմամբ և վաճառքով զբաղվող, ազգությամբ եզդի Իշխան Ավդալյանին և թույլ տրված տնտեսական օրինախախտումներին ընթացք չտալու սպառնալիքով պահանջել գումարներ:
Այդ նպատակով Ցոլակ Մաթևոսյանը հնարավորին չափ տեղեկություններ է հավաքել Իշխան Ավդալյանի վերաբերյալ, պարզել, որ վերջինս վախենում է իրավապահ մարմինների աշխատակիցներից, չունի կապեր նրանց շրջանակներում, վարում է թանկարժեք մեքենա և ֆինանսապես ապահովված է:
2012թ. նոյեմբերի 22-ին Ցոլակ Մաթևոսյանն իրենց բաժնին ամրակցված ծառայողական մեքենայով հետևել է գործարարին, նստել Իշխան Ավդալյանի մեքենան ու ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, վերջինիս կողմից իրականացվող տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, իբրև թե առաջացած հարկային պարտավորությունների չկատարումը և տնտեսական բնույթի այլ խախտումները չարձանագրելու ու կոծկելու դիմաց, ներկրված և պահեստում գտնվող ապրանքները բռնագրավելու սպառնալիքով նրանից պահանջել է 8 127 400 դրամին համարժեք 20 000 ամերիկյան դոլար կաշառք ու այդ պատրվակով վերջնական համաձայնության է եկել ստանալու 10 000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն Իշխան Ավդալյանը գումարը չի տվել և հաղորդմամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ:
Իսկ Արսեն Բալասանյանը մեղադրվում է իր ընկերոջը՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակից հանդիսացող Ցոլակ Մաթևոսյանին խաբեությամբ գումար աշխատելուն օժանդակելու համար: Նա 2012թ. նոյեմբերի սկզբին, վերջինիս տեղեկատվություն է տրամադրել գործարարի վերաբերյալ: 2012թ. նոյեմբերի 22-ին ջինսե տաբատների գնորդի հետ ծանոթանալու պատրվակով, Ա,.Բալասանյանը հանդիպել է Իշխան Ավդալյանի հետ, որպեսզի հեռվում թաքնված Ցոլակ Մաթևոսյանը տեսնի և ճանաչի նրան: