«Պատժիչ ջոկատներն» ու դասալիք հրամանատարը. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բավական չէ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ մտցվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, հիմա էլ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին փորձում են բացասական կերպար ստեղծել ջավախահայերից:
Դեռ ոչինչ, որ ընտրացուցակներում գրանցել են նաև ջավախահայերին, որոնց ընտրությունների ժամանակ ավտոբուսներով Վրաստանից Հայաստան են բերում քվեարկելու համար, հիմա էլ ԵՊՀ-ում՝ մայր բուհում, ջավախահայ ուսանողներից «պատժիչ ջոկատներ» են պատրաստում:
«Զորքը բե՛ր առաջ, Ախալքալաքի մեր ժողովրդին բե՛ր առաջ»,- երեկ ԵՊՀ-ի մոտ դասադուլի կոչ անող ուսանողներին «դիմագրավելու» և տարածքից հայհոյանքներով քշելու համար նման կարգադրություններ էր հնչեցնում ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ անդամ Գևորգ Մելքոնյանը:
Ավելի ուշ այս երիտասարդը պարզաբանում է տարածել, թե զորք ասելով՝ ինքը նկատի է ունեցել ոստիկանության զորքը, իսկ թե ինչու էր կարգադրում «առաջին գիծ» բերել հենց ջավախահայ ուսանողներին, նա հոդաբաշխ բացատրություն չի տվել: Այլ կերպ ասած՝ Գ. Մելքոնյանը երեկ որոշել էր մի քանի րոպեով իրեն հռչակել ՀՀ ոստիկանության պետ ու զորքերն առաջ բերելու հրահանգներ էր տալիս:
Հ.Գ. Ի դեպ, զորքերը տեղաշարժելու մասին հրահանգներ տվող երիտասարդ օգնականը չի ծառայել հայոց բանակում, բայց փոխարենը ՊՆ-ի կողմից արժանացել է շնորհակալագրի և «Գարեգին Նժդեհ» հուշամեդալի»: