Հովիկ Աբրահամյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Please…»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով այն հարցին, թե վերջերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը, կարծես, ավելի կոշտ բնույթ է կրում, քան մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումն էր, ասաց. «Թե ինչո՞ւ էր Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտացնում՝ ճիշտ կլիներ, որ հարցն ուղղեք իրեն, բայց իմ տեսակետն այն է, որ մենք այս ընտրություններում հաղթել ենք շատ լավ ցուցանիշներով՝ 58,6%,  և մեր թեկնածուին ձայն են տվել  861.000 քաղաքացիներ»: Հ. Աբրահամյանի խոսքով՝ իրենք հարգում են այն 539.000 քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Ր. Հովհաննիսյանին, և վերջիններս էլ պարտավոր են հարգել այն  861.000 քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Հ. Աբրահամյանի համոզմամբ՝ «Ժառանգության» իրական ձայները եղել են նախորդ խորհրդարանական ընտրություններին ստացված ձայները, իսկ նախագահական ընտրություններում այդ կուսակցության առաջնորդի ստացած ձայներն ընդդիմության՝ ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի ձայներն են: «Չպետք է զարմանալ: Պետք է հասկանալ, ձևակերպել, որ ուղղակի ստեղծվեց մի ձևաչափ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ ընդդիմության միասնական թեկնածու, և  ստացավ այդ 539.000 ձայները: Եվ ես, շատ հարգելով պարոն Հովհաննիսյանին, պիտի խնդրեմ, որ այդ ձայները ճիշտ օգտագործի և օգտագործի ի շահ մեր պետության, մեր պետականության, մեր բարեփոխումներին մասնակցություն բերեն, երկիրը տանեն  դեպի առաջ»,- ասել է Հ. Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս