«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները». Նիկոլ Փաշինյան
«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցադրմանը:
«86.600-ը առանձին է, բայց փաթեթեի մեջ է 29.800-ի մեջ: 29.800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ 86.600-ի մեջ մտնում են նաև անկլավները: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել: Սահմանագծի հետ կապված հստակ ասում եմ՝ ինչ տարբերակ կա: Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են. դրանցից մեկը կարող է լինել, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են, տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշտգրտումով, օրինակ՝ չափել Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է, և ըստ այդմ՝ այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան՝ Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, այն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան»,-ասաց նա:
168.am-ը հետաքրքրվեց՝ Վշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի դիրքորոշումների միջև տարբերությունը ո՞րն է, և 2019թ. ՄԽ համանախագահները արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ փաթեթ փոխանցեցին, ինչի՞ մասին էր այն, ինչո՞ւ մերժվեց, դրա մասին ՌԴ ԱԳ նախարարը իր հարցազրույցում խոսել էր:
«2019թ. այս փաթեթը ո՛չ մերժվել է, ո՛չ էլ չի մերժվել, որովհետև ըստ էության, այդ փաթեթը, ես ասել եմ, որ մեր ընկալումն այն է և իրականությունն էլ է այն, որ 2019թ/ փաթեթը մինչև 2018թ. մայիսը տեղի ունեցած բանակցային պրոցեսի արտահայտումն է եղել, որովհետև մինչև այդ փաթեթը ստանալը մենք առարկայական բանակցությունների մեջ չենք եղել ընդհանրապես: Նկատի ունեմ՝ չենք քննարկել կոնկրետ հոդվածները, մենք ոչ մի բան չենք բանակցել այդ առարկայության իմաստով, մինչև այդ բանակցությունների մեկնարկը: Ինչի՞ մասին է եղել՝ եղել է 2016թ. փաթեթի կոնֆիգուրացված տարբերակը, որը ներառել է նաև Քելբաջարի և Լաչինի շրջանի միջանկյալ վերադարձի գաղափարը: Այդ թղթերը չեն հրապարակվել, հա՞: Կարծում եմ՝ մի իքս պահի կհրապարակվեն, որովհետև ենթադրվում է, որ քննիչ հանձնաժողովում դրան ավելի մանրամասն անդրադարձ կլինի»,-ի պատասխան՝ ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Բրյուսելի, Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումների տարբերությանը՝ Փաշինյանը հետևյալն ասաց. «Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումների վերաբերյալ պատկերացումներ ձևավորեք Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի հայտարարությունների վրա հիմնվելով: Որովհետև իմ կողմից կոռեկտ չէ՝ ես իրենց դիրքորոշումը ձևակերպեմ, իրենք հաջորդ պահին ասեն՝ չէ, այդպես չէ մեր դիրքորոշումը, այնպես է: Իրենց հայտարարությունների վրա հիմնվեք և ձեր պատկերացումները ձևավորեք: Ոչ թե չեմ ուզում ձեզ հետ կիսեմ, այլ ճիշտ չի լինի, ես իրենց խոսնակը չեմ, թող իրենք դրա մասին խոսեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում