Հույս ունեմ՝ ճեմարան ընդունվածները փաստեր են ներկայացրել հոգևոր և սեռական առողջության վերաբերյալ. Փաշինյան

Օրերս Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել էր «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին, պատասխանել նրանց հարցերին:

Աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են ներկա փուլում պետություն-եկեղեցի հարաբերությունները, Փաշինյանը պատասխանել էր՝ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Այնուհետ Փաշինյանն առաջարկել էր. 

«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա: Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից, չի կարող»:

Մայր Աթոռից արձագանքել էին Փաշինյանի հայտարարությանը:

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Այսօր հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս թեմային, մասնավորապես, եկեղեցու արձագանքին:

«Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի: Ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել, կասեմ ընդամենը հետևյալը. եթե եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել: Հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել: Ինչ վերաբերում է ճեմարան ընդունվելուն, ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ: Համոզված եմ, որ ներկայացրել են, մտահոգվելու բան չկա»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս