Եթե Ալեն Սիմոնյանը չունի արժանապատվություն, Աննա Մկրտչյանը չի կարող նրան դա վերադարձնել. Աննա Մկրտչյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում են «Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով նախնական լսումները:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի արժանապատվությունը խոցվել է Աննա Մկրտչյանի խոսքերից, որն ուղիղ եթերում Ալեն Սիմոնյանի քաղաքական անցյալի, 2018թ. ապրիլին կենդանի մարդկանց տների մոտ «դագաղներ տանելու» օպերացիայի մասին հիշեցումներ էր կատարել: Աննա Մկրտչյանը նաև ասել է՝ «այդ անհայրենիքը, որ վաճառել է Ակնան», պատերազմ կեղծողը, և այլն:

Ի դեպ, վերջին երկու մեկնաբանությունների առնչությամբ Աննա Մկրտչյանը հարցադրումներ ուղղեց հայցվոր կողմին` հետաքրքրվելով, թե ինչու է Ալեն Սիմոնյանն այդ հայտարարությունները վերագրել իրեն, ինչ հիմքով, որքանով են դրանք վերաբերել Ալեն Սիմոնյանին: Վերջինին ի պատասխան` կամ հայցվոր կողմից չէին լինում մեկնաբանություններ, կամ հնչում էին պատասխաններ, թե կոնտեքստից է այդպես հասկացվել:

Ալեն Սիմոնյանը՝ որպես իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս, Աննա Մկրտչյանից պահանջում է 500 000 դրամ գումար, ներողություն և հերքում:

Կարդացեք նաև

Պատասխանողի ներկայացուցիչ փաստաբան Գրիգորյանն առարկություններ ներկայացրեց հայցվոր կողմի ներկայացրածին` հղում անելով ՄԻԵԴ պրակտիկային և կոնվենցիաներին:

Նախնական լսումներին Ալեն Սիմոնյանը չէր ներկայացել: Ներկա էին նրա փաստաբանը, Աննա Մկրտչյանն ու նրա ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: Դատական նիստը դատավորի որոշմամբ որոշվեց անցկացնել առանց տեսաձայնագրման, քանի որ հայցվոր կողմը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի ներկայացուցչի, դեմ էր նիստը լուսաբանելուն:

Լրագրողների հետ զրույցում Աննա Մկրտչյանն ասաց՝ ինքն անկարող է վերադարձնել չեղած բանը, այն է՝ Ալեն Սիմոնյանի արժանապատվությունը:

«Փաստ է, որ Ալեն Սիմոնյանի կորած պատվի ու արժանապատվության հարցն էինք քննարկելու: Փորձելու էինք գտնել Ալեն Սիմոնյանի կորած պատիվն ու արժանապատվությունը: Ես էլ հնարավորություն էի տալու, որ հանրությունն էլ մասնակցի դրան: Միգուցե գտնողին դրամական պարգև էլ տար Ալեն Սիմոնյանը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով նիստն առանց տեսաձայնագրման անցկացնելու՝ հայցվոր կողմի պահանջին:

Պատգամավորն ասաց՝ չգիտի՝ Ալեն Սիմոնյանի ամո՞թն է արթնացել, որ նա չի ուզում՝ հանրությունը տեսնի:

«Նիկոլական տրամաբանության մեջ զանգովի արդարադատությունը չի ենթադրում հրապարակայնություն, բայց ես ամեն դեպքում լրագրողներին խնդրելու եմ ներս գալ, որովհետև դռնբաց դատական նիստին օրենքը չի արգելում լրագրողների մասնակցությունը… Եկեք ներս գնանք, բայց նորից կրկնեմ՝ եթե մարդ չունի արժանապատվություն, Աննա Մկրտչյանը չի կարող Ալեն Սիմոնյանին դա վերադարձնել»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս