«Դարձել ենք թմրամիջոցների տարանցիկ երկիր». Ագնեսա Խամոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքով՝ Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն այն աստիճանի է հասել, որ եթե այսպես շարունակվի, մեկ տարի հետո մեծագույն սպառնալիքի առջև ենք կանգնելու։

«Պաշտոնական վիճակագրությունն արդեն իսկ սարսափեցնող է, իրացման դեպքերն ամեն տարի նախորդ տարվա վրա բոլոր մարզերում, Երևանի բոլոր համայնքներում գրեթե 100 տոկոսով ավելանում են։ Սա խայտառակ պատկեր է, երիտասարդների շրջանում է սարսափելի տարածված, սինթետիկ թմրամիջոցներն են երիտասարդների համար բավականին մատչելի։ Թմրամիջոցներ օգտագործող կանանց, անչափահասների թիվն է ավելացել։ Թմրամիջոցների իրացման կոնկրետ սխեմա է գործում։ Այսինքն՝ վաճառողը և գնորդը, ըստ էության, իրար չեն հանդիպում, այդ պարկերն այս կամ այն այգիների քարերի տակ տեղադրողներն իրար չեն հանդիպում, իրացնողների մեջ մեծ թիվ են կազմում կանայք ու անչափահասները, որովհետև դա հեշտ գումար աշխատելու միջոց է, օրինակ, յուրաքանչյուր տեղադրված պարկն արժի 5-6 դոլար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ագնեսա Խամոյանը։

Ըստ նրա, այս ամենը կանխելու համար մինչև հիմա պետության կողմից որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում։ Չկա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն, նախորդ ռազմավարությունն արդեն հին է և ժամանակավրեպ:

«Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ոչ միայն ՀՀ բնակչության՝ կանանց ու անչափահասների շրջանում է  աճում այս սարսափելի վիճակագրության պատկերը։ Սրանից զատ, մենք ունենք նաև այլ խնդիր, որն ուղիղ անդրադարձ է  ունենում մեր միջազգային վարկանիշի վրա, մենք դարձել ենք թմրամիջոցների տարանցիկ երկիր: Երեկ հայտնի դարձավ, որ Իտալիայում Էկվադորից Հայաստան ուղարկվող 12 մետրանոց կոնտեյների մեջ շուրջ 2.5-3 տոննա կոկաին է հայտնաբերվել»,- եզրափակեց Ագնեսա Խամոնյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս