Բաժիններ՝

Սուդանի բանակն ու հատուկ ջոկատայինները նախնական համաձայնագիր են ստորագրել Ջիդդայում

Սուդանի բանակն ու «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ուժեր) մայիսի 11-ին նախնական համաձայնագիր են ստորագրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում:

Կողմերի ստորագրած «Ջիդդայի հռչակագրի» համաձայն՝ բանակը և հատուկ ջոկատայինները պարտավորվել են «ձեռնարկել բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչությանը վնաս չհասցնելու համար» և «պահպանել կանոնավոր մարդասիրական հրադադարներն ու լռության օրերը՝ կախված անհրաժեշտությունից»։

Փաստաթղթում նշված է, որ Սուդանի բանակը և հատուկ ջոկատայինները մտադիր են նպաստել «բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու գործողություններին», ինչպես նաև չխոչընդոտել երկրից մարդկանց տարհանմանը և հարգել Սուդանի մասնավոր և հանրային սեփականությունը։ Կողմերը պարտավորվել են «ձեռնպահ մնալ դեռահասներին իրենց ստորաբաժանումներ հավաքագրելուց և երեխաներին ռազմական գործողություններում օգտագործելուց»: Ըստ ТАСС-ի հրապարակման՝ փաստաթղթից հատվածներ է մեջբերել Al-Hadath հեռուստաալիքը:

Ջիդդայում մայիսի 6-ին բանակցություններ են սկսվել Սուդանի զինված ուժերի և «Արագ արձագանքման ուժերի» ներկայացուցիչների միջև։ Նրանց նպատակն է հայտարարվել «արդյունավետ համաձայնության ձեռքբերումը հրադադարի ռեժիմի վերաբերյալ, որն անհրաժեշտ է կարիքավորներին մարդասիրական օգնություն մատակարարելու համար»։ Մինչև Սաուդյան Արաբիայում երկխոսության մեկնարկը Սուդանի բանակը հայտարարել էր, որ բանակցությունները «չեն վերաբերելու երկրում ռազմական գործողությունների դադարեցմանը, այլ միայն հումանիտար դադարների և հրադադարի պահպանման պայմաններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս