41-ամյա տղամարդը չհասցրեց ավարտել գողությունը
Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գիշերը Արագածոտնի մարզի Փարպի գյուղում պատրաստվում է բնակարանային գողություն: Տվյալն իրացվեց ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների հետ: Նախապատրաստական աշխատանքից և նախազգուշական միջոցներից հետո իրավապահները սպասեցին իրադարձությունների զարգացմանը:
Փարպի գյուղի գիշերային անդորրը խաթարվեց ժամը 23-ին մոտ: Մայրաքաղաքում հաշվառված, սակայն Բյուրեղավանում բնակվող 41-ամյա տղամարդն արդեն կոտրել էր ժամանակավորապես անբնակ տան եվրոպատուհանը, մտել էր ներս և պատրաստվում էր գողանալ էլեկտրական գործիքներ ու շինանյութ, սակայն հենց այդ պահին իրավապահները միջամտեցին:
Գողությունը մնաց փորձ, 41-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: