Վահե Ղազարյանի հրամանով՝ արձակուրդում գտնվող աշխատակիցները պարգևատրվել են. ՀՊ-ի՝ 2022թ. տարեկան հաշվեքննության մի քանի դրվագներ

Հաշվեքննիչ պալատն ապրիլի վերջին նիստերում հաստատել է պետական մարմիններում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:

168.amն այս հրապարակմամբ անդրադառնում է Ոստիկանությունում կատարված հաշվեքննության մի քանի դրվագների:

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն»-ում հաշվեքննության ժամանակահատվածն ընդգրկել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Ամփոփագրից տեղեկանում ենք, որ հաշվեքննության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պահանջվել է ոստիկանությունից, ներկայացվել է մասնակի, ոչ ամբողջական։

Կարդացեք նաև

Հաշվեքննության շրջանակում արձանագրված առավել ուշագրավ անհամապատասխանությունների մասին

Ոստիկանությունում հաշվեքննությամբ ընդգրկված ժամանակահատվածում ներքին աուդիտ չի իրականացվել, զինվորական ծառայողների մասով չի հաշվարկվել արձակուրդային, արձակուրդայինների հաշվարկելիս արձանագրվել են անհամապատասխանություններ։

Դեպքերի ճնշող մեծամասնությամբ՝ ամենամյա, ինչպես նաև լրացուցիչ արձակուրդայինները վճարվել են տվյալ ամսվա վերջում` աշխատավարձի վճարման ժամանակ՝ չպահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Ամսվա վերջում են վճարվել նաև վերջնահաշվարկները, որի հետևանքով հաշվեքննողները նկատել են՝ չի պահպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը (գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում):

Մայիս և դեկտեմբեր ամիսներին ամբողջական կամ մասնակի գտնվելով արձակուրդում, մի շարք աշխատակիցներ, համաձայն ոստիկանապետի 2022 թվականի հրամանների, ստացել են 1 պաշտոնային դրույքաչափ՝ համապատասխանաբար՝ շուրջ 6 միլիոն 147 հազար դրամ և 6 միլիոն 47 հազար դրամ պարգևատրում։  Այս հրամաններով պարգևատրումներ են ստացել նաև նշված ժամանակահատվածում կարգապահական տույժ ունեցող անձինք:

Պարզվում է նաև, որ պաշտոնի նշանակման, տեղափոխման, զինվորական կոչման, խմբի, մակարդակի փոփոխման, ուսումնական արձակուրդի, գործուղման գտնվելու դեպքերում տվյալ ամսվա դրույքը, հասանելիք լրավճարը և հավելումը հաշվարկվել են՝ ըստ տվյալ ամսվա օրացուցային օրերի և ոչ թե՝ փաստացի աշխատած աշխատանքային օրերով։

Մի շարք դեպքերում պաշտոնատար անձինք ամբողջական կամ մասնակի գտնվելով արձակուրդում, կամ ամբուլատոր բուժման մեջ ստացել են բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվող հավելումն ամբողջությամբ։

Այդ հավելավճարը ստացել են նաև անձինք, որոնց ծառայության տեղամասն իրականում չի դասակարգվել՝ որպես լեռնային:

Այս դրվագների առնչությամբ հաշվեքննության օբյեկտի արձագանքները չեն ընդունվել հաշվեքննողի կողմից

Հաշվեքննիչներն անհամապատասխանություններ են արձանագրել նաև ՀՀ ոստիկանության կողմից 2009 թվականից  «Քոմփյութրոն Ինդասթրիզ Իսթաբլիշմենթ» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի դրույթներում՝ նկատառմամբ.

«20.12.2022 թվականին ՀՀ ոստիկանության թիվ 900018159013 գանձապետական հաշվեհամարին «Քոմփյութրոն Ինդասթրիզ Իսթաբլիշմենթ» ընկերության կողմից փոխանցվել է 3 միլիոն 660  հազ. դրամ՝ որպես ք.Երևան, Աբովյան 36 շենքի առաջին հարկում գտնվող թիվ 52 տարածքի վարձակալական վճար։ Պետական սեփականության օգտագործման f0-օրինականության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հաշվեքննության է ենթարկվել վարձավճարի ծագման հիմքերը, որի արդյունքում արձանագրվել է, որ 25.02.2009 թվականին ՀՀ ոստիկանությունը, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, «Քոմփյութրոն Ինդասթրիզ Իսթաբլիշմենթ» ընկերության հետ կնքել է պայմանագիր, որով վերջինիս տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել վերոնշյալ հասցեում գտնվող 197.8 մ². մակերեսով ոչ բնակելի տարածք, մինչև 2045 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով, տարեկան՝ 3 միլիոն 660 հազար դրամ վարձավճարով:

Կնքման օրվանից առ 22.04.2023 թվականը ՀՀ ոստիկանության 900018159013 գանձապետական հաշվեհամարին վարձակալի կողմից 14 տարվա համար վճարվել է ընդամենը՝ 51 միլիոն 349 հազար դրամ:

Վարձակալության պայմանագրի և դրա հիմքում դրված կամ դրան առնչվող փաստաթղթերի ու տվյալների համադրման արդյունքում արձանագրվել են հետևյալ անհամապատասխանությունները՝ պայմանագիրը կնքվել է տվյալ պահին գործող կարգավորող իրավական ակտի նորմի չպահպանմամբ, տարածքի նպատակային նշանակությունը սահմանված է եղել «բնակելի», սակայն այն հանձնվել է վարձակալին՝ որպես «ոչ բնակելի», պայմանագրի գործողության ընթացքում այն չի համապատասխանեցվել ՀՀ կառավարության կողմից սահմանված մի շարք պարտադիր պահանջներին, Ոստիկանության կողմից պայմանագրի գործողության 14 տարվա ընթացքում չի իրացվել վարձավճարի բարձրացման լիազորող նորմերով սահմանված իրավունքը, նոտարական վավերացմամբ երկլեզու (հայերեն/անգլերեն) գործարքի կնքման ժամանակ վարձակալ ընկերության անունից հանդես եկած լիազորված անձի ազգանունի լատինատառ գրելաձևը չի համապատասխանել տվյալ անձի այդ պահին գործող անձնագրում զետեղված լատինատառ գրելաձևին, տվյալ տարածքը վարձակալի կողմից ենթավարձակալության է տրվել, որի ամսական չափը գերազանցում է հիմնական պայմանագրի տարեկան չափից: Իսկ անկախ գնահատող ընկերության կողմից այդ գույքի տարեկան վարձավճարի շուկայական արժեքը գերազանցում է վարձակալության պայմանագրի արժեքը շուրջ 16 անգամ»:

Արձագանքելով՝ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ նյութերը գտնվում են ուսումնասիրության փուլում, նախատեսվում է պայմանագրի լուծման իրավական գործընթաց։

Ի դեպ, «Քոմփյութրոն Ինդասթրիզ Իսթաբլիշմենթ» ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում:

Անհամապատասխանություններ են արձանագրվել նաև  «Տոյոտա Երևան» ՍՊԸ 13.01.2022 թ. կնքված պայմանագրի դրույթներում, մասնավորապես, տեխնիկական բնութագրի պահանջներին առնչվող կետերում:

«Տվյալ անհամապատասխանությունների արձանագրումից հետո Ոստիկանությունը հայտնել է Հաշվեքննիչ պալատին, որ ծառայողական քննությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցագործության վերաբերալ փաստական տվյալներ և փաստաթղթերը 16.02.2023թ. ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշվում է եզրակացությունում:

Տեխնիկական բնութագրով սահմանված պարամետրերի անստույգություն է եղել նաև  26.01.2022 թվականին Ոստիկանության և «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի մատակարարման առնչությամբ:

«Տվյալ անհամապատասխանությունների մասով Ոստիկանությունը հայտնել է Հաշվեքննիչ պալատին, որ արձանագրված թերությունների մասով կատարված ծառայողական քննության արդյունքում կազմված փաստաթղթերը 22.08.2022 թվականին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 27.08.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է եզրակացության ամփոփագրում:

«ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի տարեկան կատարման նկատմամբ» իրականացված հաշվեքննության արձանագրության մի մասը հույժ գաղտնի է:

Հաշվեքննության օբյեկտի ֆինանսական ցուցանիշները

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ Ոստիկանություն) 2022 թվականի բյուջեի տարեկան պլանը կազմել է 66 միլիարդ 585 հազար 658 դրամ, ճշտված պլանը՝ 80 միլիարդ 974 հազար 387 դրամ. «Փաստացի ֆինանսավորվել է 80,066,902․9 հազար դրամ կամ ճշտված պլանի նկատմամբ՝ 98.88%, դրամարկղային ծախսը կազմել է 80,061,402.5 հազար դրամ կամ 98.87%, փաստացի ծախսը՝ 79,730,371.34 հազ. դրամ՝ 98.46%:

Դրամարկղային և փաստացի ծախսերի շեղումը՝ 331,031.15 հազ. դրամը, պայմանավորված է տվյալ ժամանակահատվածում ընթացիկ և ոչ ֆինանսական ակտիվների գծով դեբիտորական, կրեդիտորական պարտքերի, այդ թվում՝ պահեստավորված միջոցների շարժով»:

Այս գումարից 85 միլիոն հատկացվել է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար, շուրջ 18 միլիարդ 685 միլիոն՝ պետական պահպանության ծառայությունների մատուցմանը, և այլն:

Տեսանյութեր

Լրահոս