Հայ ծրագրավորողները ստեղծել են անվճար երկլեզու City Informer ուղեցույց
Երիտասարդ ծրագրավորողներ Տիգրան Ազատյանն ու Նարեկ Մամիկոնյանը ստեղծել են City informer նոր ուղեցույցը, որը նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, և արդեն տեղադրվել է Google Play-ում, այն անվճար կարելի է բեռնել ԱՅՍՏԵՂ։
Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծրագրավորող Տիգրան Ազատյանը: Նա և մեկ այլ երիտասարդ ծրագրավորող՝ Նարեկ Մամիկոնյանը, ստեղծված ծրագրի գաղափարը դեռևս առաջին անգամ ներկայացրել էին Հեքըթոն(ՅԱՆ) 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի ժամանակ: Ճիշտ է, տղաները մրցույթին չհաղթեցին, սակայն դա նրանց չխանգարեց համախմբել ուժերն ու կյանքի կոչել ծրագիրը:
«City Informer ծրագիրը թույլ է տալիս կողմնորոշվել աշխարհի ցանկացած անկյունում և գտնել ձեզ անհրաժեշտ հաստատությունները՝ դպրոց, մանկապարտեզ, բուժհաստատություն, և այլն»,- ասաց Տ. Ազատյանը՝ նշելով, որ ուղեցույցն ունի 10 բաժին և մոտ 90 ենթաբաժին, որտեղ կարելի է գտնել տվյալ քաղաքի վերաբերյալ ձեզ անհրաժեշտ տվյալները:
Ուղեցույցում ներառված են Google Maps-ում առկա երկրներն ու դրանց քաղաքները, իսկ դրանք ընդգրկում են գրեթե բոլոր բնակավայրերը:
«Օգտատերը մեկ հպումով կարող է գտնել ընտրած տեղանքի իրեն անհրաժեշտ հաստատությունների ցանկը՝ նրանց մասին մանրամասն տեղեկություններով. անվանումը, հասցեն, կարգավիճակը, կայքը, հեռախոսահամարը, և այլն»,- ասաց Տ. Ազատյանը: Նրա խոսքով՝ նախատեսված են նաև կոճակներ որոնք թույլ կտան մեկ հպումով զանգահարել, ուղարկել SMS հաղորդագրություն, գծել ճանապարհը ձեր գտնված վայրից՝ դեպի ընտրված օբյեկտ:
Տ. Ազատյանի խոսքով՝ կարելի է «Կարգավորումներ» բաժնում ավելացնել ցանկացած քաղաք, բնակավայր, փողոց կամ շրջան և ստանալ անհրաժեշտ հաստատություններից ցանկը, իսկ չընտրելու դեպքում ծրագիրն ինքնուրույն ներկայացնում է տվյալ պահին Ձեր գտնվելու վայրին մոտ գտնվող օբյեկտների ցուցակը՝ համապատասխան ինֆորմացիայով:
Ծրագիրը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Սա ծրագրի արդեն երկրորդ տարբերակն է, որը նախատեսված է նաև միջազգային շուկայի համար:
Տեղեկացնենք, որ ծրագրի նախնական՝ առաջին տարբերակը հնարավորություն էր տալիս կողմնորոշվել միայն ՀՀ տարածքում: