Գլխավոր դատախազը թմրամիջոցների տարածման դեմ պայքարի մեթոդների ու մարտավարության փոփոխության կարիք է տեսնում
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է փոխեն աշխատանքի մեթոդներն ու մարտավարությունը թմրամիջոցների տարածման դեմ պայքարում: Աննա Վարդապետյանը նման կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու ընթացքում։
«Վերջերս գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Ներքին գործերի նախարարին՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քննությունը։ Թմրամիջոցների օգտագործումը մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Այսօր թմրամիջոցները ինչ-որ գունավոր դեղահաբեր են, որոնք շատ գեղեցիկ տեսք ունեն, և դա ամենասարսափելին է։ Որովհետև 90-ականներին, երբ ասում էինք թմրամոլ, ինչ-որ մութ և խավար տեսարաններ էր աչքիդ առաջ գալիս, հիմա շատ գեղեցիկ տեսարան է ի հայտ գալիս, և դա է պատճառը, որ մենք անչափահասների շրջանում ունենք լրջագույն մարտահրավեր այս առումով»,- ասաց դատախազը։
Նա հավելեց, որ այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման լուրջ աշխատանք։
Նրա խոսքով՝ այս հարցում քննության ձևաչափը լրիվ այլ է։ Դատախազը նկատեց՝ եթե նախկինում հստակ գիտեին, թե ով որ թաղամասում ու ինչ եղանակով է իրացնում թմրամիջոցը, ապա հիմա դա վիրտուալ տիրույթում գտնվող չարիք է, որը բացահայտելու համար լրիվ այլ գիտելիքներ են պետք։ «Այս ամենը հիմա ուղիղ առնչվում է նաև փողերի լվացման հետ, որովհետև կրիպտոարժույթների փոխանցված և հետագայում արդեն կանխիկացված գումարներ կան։ Բացի դրանից, շրջանառվում են էլեկտրոնային դրամապանակների միջոցով, ուստի փոփոխված ձևաչափով քննությունը և նաև նախականխումը մեր առաջնահերթությունների մեջ են»․- մանրամասնեց Վարդապետյանը։