Բաժիններ՝

Գարրի Կասպարովը պարգևատրվել է գերմանական ԶԼՄ-ների ազատության մրցանակով

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, «Ազատ Ռուսաստան համաժողովի» համահիմնադիր Գարրի Կասպարովը, որը ՌԴ-ում հայտարարվել է «օտարերկրյա գործակալ», դարձել է գերմանական ԶԼՄ-ների ազատության մրցանակի 2023 թ.-ի դափնեկիր։ Ըստ մրցանակը շնորհող Weimer Media Group (WMG) մեդիախմբի՝ մրցանակը «նվիրված է Ռուսաստանում խիզախ դեմոկրատական ​​ընդդիմությանը» և Կասպարովին կհանձնվի «հանուն այն բոլոր մարդկանց, որոնք պաշտպանում են Ռուսաստանի ապագան խաղաղության, ազատության և ժողովրդավարության պայմաններում, ընդ որում՝ հաճախ վտանգելով իրենց կյանքը»:

«Կասպարովը ռուսական ընդդիմության առավել աչքի ընկնող ակտիվիստներից է, որը վտանգում է իր կյանքը խաղաղության և ժողովրդավարության համար պայքարում», – հայտարարել է ժյուրին։

Մրցանակը կհանձնվի մայիսի 4-ին Բավարիայի Գմունդ ամ Թեգերնզե կոմունայում:

ԶԼՄ-ների ազատության մրցանակը շնորհվում է այն հասարակական գործիչներին, որոնք առանձնահատուկ ձևով հավատարիմ են կարծիքն ազատորեն արտահայտելուն, հասարակական փոխգործակցությանը, քաղաքական երկխոսությանն ու ժողովրդավարությանը: 2023 թ.-ին այն շնորհվում է արդեն իններորդ անգամ։ 2022 թ.-ի մրցանակն ի սկզբանե շնորհվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային և ռուս լրագրող Մարինա Օվսյաննիկովային։ Բողոքների ալիքից հետո Օվսյաննիկովային բացառել են դափնեկիրների թվից։

Նախորդ տարիներին մրցանակին, մասնավորապես, արժանացել են Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդը, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ինչպես նաև Գերմանիայի «Ազատ դեմոկրատական ​​կուսակցության» առաջնորդներից մեկը՝ ԳԴՀ-ի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս