Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակը կնշվի կոմպոզիտորին նվիրված փառատոնով
այաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ ապրիլի 28-ին կմեկնարկի Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնը:
Իր տեսակով եզակի նախագիծը մեկ հարկի տակ կհամախմբի ոչ միայն արվեստի, երաժշտական, այլև հանրակրթական դպրոցներում գործող երգչախմբերին: Փառատոնի ընթացքում կհնչեն բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ:
Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում կազմակերպված առաջին համերգին ելույթ կունենան Երևանի Ղ. Սարյանի անվան, Հ. Դանիելյանի անվան արվեստի, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը. ծրագրում կհնչեն Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Գ. Հարությունյանի (մշակում) ստեղծագործությունները: Երեկոյին հանդես կգան նաև դաշնակահար Էլեն Կիրակոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի ղեկավարությամբ Մայիլյան վոկալ եռյակը, ովքեր կներկայացնեն Կարա-Մուրզայի ստեղծագործություններից: Ներածական խոսքով հանդես կգա երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:
Երգչախմբային փառատոնի նպատակն է հանրայնացնել մեծանուն կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ Քրիստափոր Կարա-Մուրզայի արվեստը, նրա գործունեությունը, ներկայացնել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները, ստեղծել հարթակ, որտեղ կմիավորվեն դպրոցների երգչախմբերը:
Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 18-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, իսկ փակման համերգը՝ հունիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Քրիստափոր Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողությունը հայկական երաժշտության պատմության մեջ. 1885 թվականին կայացավ քառաձայն երգչախմբով հայկական բազմաձայն երգի առաջին համերգը, որը, որպես պատմական իրադարձություն, մտավ հայ երաժշտության պատմության մեջ։