Հայաստանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է տեսնում անդամ որոշ երկրների անորոշ դիրքորոշումների բերումով
Հայաստանի կառավարությունը իր ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ ներկայացնելով նաև միջազգային հանրության արձագանքն այդ ագրեսիային։
Զեկույցում նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի 36 բնակավայր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 գոմ: Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց:
«Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք: 2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից»,- ասված է զեկույցում:
Նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ)՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման նպատակով «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին համապատասխան աջակցություն (այդ թվում՝ ռազմական) տրամադրելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հատուկ նիստում ՀՀ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով: Ագրեսիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի որոշմամբ սեպտեմբերի 15-ին մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը։ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հայկական կողմն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների կապակցությամբ ՀԱՊԿ-ից համարժեք արձագանք չի ստացվել։ Հայկական կողմն արձանագրել է, որ նիստի ընթացքում ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան: Բացի դրանից, ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել:
Զեկույցում արձանագրվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ, ՀՀ-ի դիմումի հիման վրա, սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության (այսուհետ՝ Ֆրանսիա) նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններն արձանագրել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, կարևորել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը՝ շեշտելով նաև ՀՀ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը։
2022 թվականի հոկտեմբերի 21-27-ը ՀՀ է ժամանել ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը՝ սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնության արդյունքում հոկտեմբերի 17-ին Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ տեղակայելու մասին: Առաքելության մանդատը ներառում էր իրավիճակի դիտորդություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով՝ երկու երկրների միջև վստահության կառուցմանն աջակցելու և սահմանային հանձնաժողովներին ԵՄ առավել առարկայական աջակցությունն ապահովելու նպատակով։ ԵՄ դիտորդական առաքելությունը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ ԵՄ խորհուրդը 2023 թվականի հունվարի 23-ին համաձայնություն է տվել ՀՀ տարածքում երկու տարի ժամկետով քաղաքացիական նոր առաքելություն (EUMA) ստեղծելու առաջարկին։ 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելությունն սկսել է իր աշխատանքը ՀՀ-ում: