Ռումբի մասին ահազանգի պատճառով Նիդերլանդների խորհրդարանի շենքից տարհանել են պատգամավորներին և աշխատակիցներին
Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի շենքից տարհանվել են պատգամավորներն ու աշխատակիցները ռումբի մասին ահազանգից հետո:
Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ էր: Ըստ ոստիկանության՝ սակրավորների խումբն ուսումնասիրել է շենքում գտնվող փաթեթը: Տարհանումից մոտ մեկ ժամ անց բոլորին թույլ է տրվել վերադառնալ խորհրդարանի շենք:
Նիդերլանդների հակաիսլամական դիրքորոշմամբ պատգամավոր Գիրտ Ուայլդերսը հայտարարել է, որ տարհանման պատճառ է դարձել իրեն հասցեագրված կեղծ ռումբը:
«Փափուկ արջուկով և լարերով ինձ հասցեագրված մի փաթեթ ուղարկվել էր խորհրդարանի նամակների բաժին: Բարեբախտաբար, այնտեղ պայթուցիկներ չկային, և այն վտանգ չէր ներկայացնում, բայց, անշուշտ, դա զվարճալի չէր», – գրել է պատգամավորը Twitter-ում:
Ուայլդերսը, որի ծայրահեղ աջ հայացքներով Ազատության կուսակցությունը Նիդերլանդների խորհրդարանում երկրորդն է, տարիներ շարունակ ապրում է խիստ հսկողության տակ, քանի որ մահվան բազմաթիվ սպառնալիքներ է ստանում: