Բաժիններ՝

Երասխ գյուղում սկսել են կառուցել եկեղեցի՝ նվիրված Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհված անձնակազմի հիշատակին

Հայկական Երասխ գյուղում սկսվել է ուղղափառ մատուռի կառուցումը: Այս մասին հաղորդել է «Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամը։

«Արարատի մարզի Երասխ գյուղում «Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամի խորհրդի ղեկավարության նախաձեռնությամբ, ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ, սկսվել է Եղիա Մարգարեի անունը կրող ուղղափառ մատուռի կառուցումը՝ «Հիշողության բլուր» նախագծի շրջանակներում, որն իրենից ներկայացնում է հուշահամալիր՝ նվիրված Էրեբունի ավիաբազայի Մի-24-ի զոհված ռուս օդաչուների հիշատակին», – մեջբերում է ТАСС-ը հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։

Եկեղեցին, որը կդառնա օդաչուներին նվիրված հուշահամալիրի մի մասը, կառուցվում է մասնավոր նվիրատվություններով։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն հայաստանցի մասնագետների կողմից։

Համալիրը կներառի մատուռը, դրան մերձակա տարածքը, ռազմապատմական թանգարանը, ռուս օդաչուներին նվիրված հուշարձանը և այլ նշանակալից հիշատակի օբյեկտներ:

Հաղորդվում է, որ տարածքում կլինեն նաև հետիոտնային արահետներ, կտնկվեն ծառեր, թփեր, բուժիչ և դեկորատիվ բույսեր, որոնք բերված են Ռուսաստանի տարբեր շրջաններից:

Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել էր Երասխի տարածքում՝Ադրբեջանի հետ սահմանին, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին: Միջադեպի հետևանքով զոհվել էին մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը, ևս մեկ զինվորական վնասվածքներ էր ստացել: Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել էր, որ սխալմամբ է խոցել ուղղաթիռը, և պատրաստակամություն էր հայտնել Մոսկվային փոխհատուցում վճարել: Ադրբեջանում միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս