ՀՊՃՀ-ում մեկնարկել է տեղեկատվական անվտանգության հարցերին նվիրված Kaspersky Laboratory ընկերության ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսը

Համաշխարհային ճանաչում ունեցող Kaspersky Laboratory ընկերությունն ամեն տարի կազմակերպում է «IT Security for the next Generation» խորագրով ուսանողական միջազգային կոնֆերանս, որի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլն այս տարի առաջին անգամ անցկացվում  է Հայաստանում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ):

Կոնֆերանսին մասնակցում են 14 ուսանողներ և ասպիրանտներ՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ուկրաինայի բուհերից: Ընդ որում, այս տարի կոնֆերանսին հայտ ներկայացրած և նախընտրական փուլը հաղթահարած 14 զեկուցողներից 10-ը Հայաստանից են, այդ թվում` 7-ը Պոլիտեխնիկից են, 1-ը` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտից, 1-ը` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից, և 1-ը` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից:

Այս կոնֆերանսն ուսանողներին հնարավորություն է ընձեռում կենդանի շփում ունենալ տեղեկատվական անվտանգության բնագավառի առաջատար մասնագետների հետ, միջազգային շփման փորձ կուտակել, կատարել փորձի և գիտելիքի փոխանակում, ինչպես նաև՝ մասնագիտական հմտություններ ձեռք բերել:

Հաղթողների համար նախատեսված են հետևյալ դրամական մրցանակները. 1-ին տեղ՝ 1000 ԱՄՆ դոլար, 2-րդ տեղ՝  750 ԱՄՆ դոլար, և 3-րդ տեղ՝ 500 ԱՄՆ դոլար։ Խրախուսական մրցանակներ են սահմանել նաև ՀՊՃՀ-ն. «Մայքրոսոֆթ Արմենիա»  ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

Ներկայացված աշխատանքների թեմաները հետևյալն են՝ նոր հարթակներ. նոր մարտահրավերներ, ամպային համակարգերի, վիրտուալացնող ծառայությունների և տեղեկատվության մեծ ծավալների մշակման ենթակառուցվածքների անվտանգություն, տեղեկատվության պաշտպանության հեռանկարային տեխնոլոգիաներ, կորպորատիվ ենթակառուցվածքի անվտանգություն և տեղեկատվական անվտանգության բնագավառի կրթություն։

Kaspersky Laboratory  ընկերության փորձագետ Սերգեյ Գոլովանովի  խոսքով՝ յուրաքանչյուր ուսանողի աշխատանք գնահատվելու է հիմնական չորս ուղղություններով՝ աշխատանքի գիտական արժեքը, գործնական արժեքը, նորարարական բաղկացուցիչը և այն ներկայացնելու կարողությունը: «Մասնակիցը նաև պետք է կարողանա պատասխանել հարցերին և պաշտպանել սեփական աշխատանքը: Գնահատելու ենք 10 բալանոց համակարգով. ամենաշատ բալերը ստացած լավագույն 3 աշխատանքների հեղինակները կարժանանան դրամական մրցանակների, հաղթող կճանաչվեն և  հունիսին կմեկնեն Լոնդոն՝ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար, որտեղ կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական չորս փուլերի հաղթողների հետ» ,- ասաց Ս. Գոլովանովը՝ նշելով, որ կոնֆերանսի մնացած բոլոր մասնակիցները կստանան մասնակցության դիպլոմներ և հուշանվերներ:

Բացի 14 զեկույցներից` մասնագիտական արժեքավոր դասախոսություններով հանդես կգան նաև Kaspersky Laboratory ընկերության Մոսկվայի հետազոտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովը և ընկերության առաջատար հակավիրուսային փորձագետները:

Կոնֆերանսի պաշտոնական փակման և մրցանակների հանձնման արարողությունները կկայանան վաղը՝ 22-ին, ժամը 12:40-ին:

Kaspersky Laboratory ընկերության փորձագետ Սեյգեյ Գոլովանովի հետ 168.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս