Եգիպտոսն իսլամական բռնապետության մոդել-երկիր է դառնում Թուրքիայի համար

Թուրքական Hürriyet Daily News թերթում հրապարակվել է մեկնաբան և գրող Սեմիհ Իդիզի «Եգիպտոսը՞ որպես մոդել-երկիր Թուրքիայի համար» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքիան, որը հավակնում էր հետհեղափոխական Եգիպտոսի համար մոդել երկիր ծառայելուն, գնալով ավելի ու ավելի է նմանվում իր հետևորդին: Իսլամական կառավարության ճիրաններում գտնվող Եգիպտոսը, կարծես թե, այնքան է տպավորել Թուրքիայի իշխանություններին, որ վերջիններս իրենց գործողություններում սկսել են առաջնորդվել «ավագ եղբոր» (Եգիպտոս) օրինակով:

Աստիճանաբար կյանքի են կոչվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի երազանքները՝ դառնալու համար երկրի առաջին գործադիր նախագահը, ով օժտված կլինի արտակարգ լիազորություններով: Դա, ինչպես նաև Թուրքիայի կառավարության կողմից նոր Սահմանադրության մշակումը հիմք է տալիս պնդելու, թե Թուրքիային սպասվում է իսլամական բռնապետություն:

Թուրքիայում ծավալվող իրադարձությունները մեծապես հիշեցնում են Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործողությունները, քանի որ վերջինս նախկինում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ու սալաֆիների հետ համատեղ հապճեպ մշակեց նոր Սահմանադրություն, դրա վերաբերյալ անցկացրեց հանրաքվե, որին կողմ քվեարկեց երկրի քաղաքական իրավիճակից անտեղյակ Եգիպտոսի բնակչության մեծ մասը:

Շատ նման իրադարձություններ տեղի են ունենում նաև Թուրքիայում: Էրդողանը հստակ հայտարարել է, որ անկախ նրանից, թե դա դուր է գալիս մարդկանց, թե ոչ, ընդունվելու ու կյանքի է կոչվելու տվյալ Սահմանադրությունը: Ժամանակի ընթացքում ակնհայտ են դառնում երկրում բռնապետություն հաստատելու Էրդողանի ձգտումները, որոնք իրականացվում են թուրք ժողովրդին ծառայելու պատրվակով:

Կարևոր խնդիրներից մեկը քրդական խնդիրն է: Իհարկե, քրդերը կարող են կարծել, թե նրանք ինչ որ բան են ստացել իրենց էթնիկ պահանջների կատարման պլանում, սակայն միայն որպես միասնական ու անբաժան Թուրքիայի կազմում: Եթե Թուրքիայում հաստատվի սահմանադրական բռնապետություն, ինչպես որ այժմ Եգիպտոսում է, քրդերը ռիսկի են դիմում ոչինչ չստանալ, ինչպես որ Թուրքիայի մնացյալ քաղաքացիները»:

Տեսանյութեր

Լրահոս