Բաժիններ՝

Ուկրաինական ուժերը Բախմուտից մարտավարական նահանջ են իրականացնում. ISW

Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 8 ամիս՝ 2022 թ.-ի հուլիսից: Օրեր առաջ ռուսական կողմից հայտարարեցին, որ Բախմուտը գրեթե շրջափակված է: Իսկ Ուկրաինայի բանակի արևելյան խմբավորման մամուլի ծառայությունից հավաստիացրել են, որ չնայած համացանցում տարածված որոշ հաղորդագրություններին՝ ուկրաինական ուժերը Բախմուտից չեն հեռացել:

Իր հերթին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մարտի 5-ին հայտարարել է, որ Բախմուտում թեժ փողոցային մարտերը շարունակվում են, սակայն լուրջ խնդիրներ կան: Պայթեցվել է կամուրջը, որը թույլ էր տալիս ապահովել Բախմուտի մատակարարումը, սակայն կան շրջանցիկ ճանապարհներ մատակարարումներն իրականացնելու համար: Ըստ Պոդոլյակի՝ իրավիճակն, ըստ էության, վերջին երկու ամիսներին չի փոխվել:

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ ուկրաինական ուժերն, ամենայն հավանականությամբ, իրականացնում են Բախմուտից ուժերի սահմանափակ մարտավարական նահանջ, սակայն առայժմ դեռ վաղ է գնահատել ուկրաինական կողմի մտադրությունները՝ կապված քաղաքից լիովին նահանջելու հետ: Ըստ ինստիտուտի մասնագետների՝ Բախմուտի պաշտպանությունը ռազմավարական առումով հիմնավորված է, քանի որ քաղաքի համար մարտերում ռուսական ուժերը շարունակում են կենդանի ուժ և տեխնիկա կորցնել, իսկ ուկրաինական ուժերը լուրջ կորուստներ չեն կրում:

Միևնույն ժամանակ, Bild հրատարակությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար Վալերի Զալուժնին տարբեր գնահատականներ են տվել այն առումով, թե ինչպես պետք է ուկրաինական բանակը վարվի Բախմուտի պարագայում: Ըստ Bild-ի աղբյուրների՝ մի քանի շաբաթ առաջ Զալուժնին խորհուրդ էր տվել մտածել Բախմուտից նահանջելու մասին, մինչդեռ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ Բախմուտը պահելու որոշումը ճիշտ է եղել՝ հաշվի առնելով, որ ռուսական բանակն առաջ չի գնում և մեծ կորուստներ է կրում:

Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Բախմուտն ավելի շատ խորհրդանշական, քան ռազմավարական-օպերատիվ նշանակություն ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս