Բանակցային, այսպես կոչված, օնլայն ձևաչափը ժամանակավորապես ստեղծվեց մինչև հաջորդ բանակցային ձևաչափի գործարկումն Արևմուտքում. Սկակով

Այսօր Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այս ձևաչափով նոր հանդիպում անցկացնել։ «Հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս»,- հավելել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Մոսկվան մի քանի առիթներով, այդ թվում՝ 2022 թվականի դեկտեմբերին, հարթակ է տրամադրել արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար, սակայն հետո «հայ գործընկերները հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել այս միջոցառմանը»։

Նա նաև նշել է, թե չի կարծում, որ իրենք համառորեն առաջարկելու են իրենց ծառայությունները: Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը շուտով կկարողանա պայմանավորվել «Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատման շուրջ», խոսքը Ռեշտ-Աստարա հատվածի մասին է:

Իր հերթին՝ Բայրամովը խոսել է բանակցային գործընթացում որոշակի առաջընթացի և բանակցային գործընթացում առցանց փուլի մեկնարկի մասին՝ ակնարկելով, որ այն այնքան էլ արդյունավետ չէ, որքան նախորդ ձևաչափը, երբ կային դեմ առ դեմ հանդիպումներ բանակցային յուրաքանչյուր փուլից հետո:

Ադրբեջանցի գլխավոր դիվանագետը նաև ակնարկեց, որ չնայած հայկական կողմը մերժել է հանդիպել Մոսկվայում դեկտեմբերին, ադրբեջանական կողմը, իբրև թե հավատարիմ լինելով գործընթացին, շարունակում է բանակցություններն այլ ձևաչափերով, թեև զուգահեռաբար Բայրամովը հայկական կողմին կոչ արեց վերադառնալ բանակցային սեղան, անելով միմյանց հակասող մի քանի հայտարարություն:

Լավրովն անդրադարձավ նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ նշելով, թե իրենք տեսնում են՝ ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ գործառույթների, մանդատի, տևողության առումով և այն ավելացված արժեքի տեսանկյունից, որը առաքելությունը կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում։

Սակայն Լավրովն ընդգծեց. «Բայց սա կողմերի ինքնիշխան ընտրությունն է, թե ում հետ համագործակցել։ Մենք մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով։ Մենք առաջնորդվում ենք բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք նախ՝ կհիմնվեին երեք ղեկավարների սկզբունքային համաձայնության վրա՝ նրանց 4 հայտարարությունների շրջանակում, երկրորդ՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն՝ տարածաշրջանի բոլոր երկրների միջև։ Ոչ բոլոր խաղացողները, նախ, նրանք, ովքեր հեռու են գտնվում Հարավային Կովկասից, առաջնորդվում են նման սկզբունքներով և ցանկանում են այստեղ աշխատել ոչ որևէ բանի օգտին, այլ որևէ մեկի դեմ։ Մենք դա տեսնում ենք, բայց ես համոզված եմ, որ դա տեսնում են գործընթացին անմիջականորեն ներգրավված կողմերը»:

Լավրովը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն անվտանգությանն ուղղված սպառնալիք կարող է դիտարկվել, և Եվրամիության առաքելությունը կարող է կանխել Ռուսաստանի հետ համատեղ Ադրբեջանի վրա հարձակման վերաբերյալ մտավախությունները, ասելով, որ խնդրում է մեջբերել իր նախորդ խոսքը ԵՄ առաքելության մասին, հավելելով. «Հայաստանի ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դատելով այս վերջին դիվանագիտական հռետորաբանությունից՝ կարելի է ասել, որ կա մեծ անորոշություն, թե այս փուլում ինչպիսին է լինելու ՌԴ քաղաքականությունը:

Ըստ նրա, ինչպես բազմիցս խոսվել է, դա պայմանավորված է այն իրավիճակով, որը ստեղծվել է միջազգային հարաբերություններում:

«Սակայն ամեն ինչ պարզորոշ ներկայացվում է՝ ՌԴ դիրքորոշումները բոլոր ուղղություններով հայտնի են Հայաստանին ու Ադրբեջանին, ՌԴ առաջարկները հայտնի են, կողմերն են ընտրողը: Այս դեպքում Երևանը մերժում է Մոսկվայի նախաձեռնությունը և բանակցում այլ հարթակներում, իսկ Ադրբեջանը խնդիր ունի օգտագործել այս փուլը, քանի որ որքան հեռանում է պատերազմի իր հաղթանակից, այնքան դրա դիվանագիտական ազդեցությունը ևս թուլանում է, իսկ Ադրբեջանը ցանկանում էր այդ հաղթանակից առավելագույնը քաղել: Նույն սկզբունքով Ադրբեջանը կարող է աշխատել բոլոր հարթակներում: Աշխարհաքաղաքական այս փուլում Ռուսաստանը չի պատրաստվում որևէ ծրագիր առաջ մղել, ինչպես նաև չի պատրաստվում զիջել արդեն իսկ իր ունեցած դիրքերը և ընտրել է դրանք պահպանելու ռազմավարությունը: Հայաստանի կայացրած որոշումները մեծ ողբերգությամբ չեն ընդունվում, քանի որ այնուամենայնիվ կա սերտ համագործակցություն նաև Ադրբեջանի հետ»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, ամեն դեպքում դիվանագիտությունը մեծապես խոսքի արվեստ է:

«Երբեմն այն ամբողջությամբ չի արտահայտում այն ամենը, ինչ կատարվում է և կարող է կատարվել, քանի որ իրավիճակները կարող են արմատապես փոխվել, ինչպես անցյալ տարի, երբ Բրյուսելում տևական բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվեց բանակցային վակուում, ներկայումս՝ կրկին փորձ է արվում վերսկսել: Սա վերածվել է խնդրահարույց մի շղթայի, որն այսօր ավելի խնդրահարույց է ՌԴ-ԵՄ-ԱՄՆ ճգնաժամային հարաբերությունների պատճառով»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ առցանց դիվանագիտության հնարավոր արդյունքներն ընդհանրապես խիստ աղոտ են թվում:

«Նման բարդ փաստաթղթերը հնարավո՞ր է միայն առցանց համաձայնեցնել՝ առանց դիվանագիտական աշխատանքի ու բանակցելու դեմ առ դեմ: Ես խիստ կասկածում եմ, բայց նաև կարծում եմ, որ այդ, այսպես կոչված, ձևաչափը ժամանակավորապես ստեղծվեց մինչև հաջորդ բանակցային ձևաչափի գործարկումն Արևմուտքում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս