Նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է.
«Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, ինչի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ հետ է, գնահատում է մեր երկրի վարած քաղաքականությունը, մեր երկրի որդեգրած արժեքները, որոնք հիմնված են ժողովրդավարական սկզբունքների վրա, որտեղ գերակայում է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Մենք այլ կերպ չենք պատկերացնում մեր ապագան: 30 տարի առաջ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանն անկախ հռչակվեց, մենք միաժամանակ այդ ուղղությունը վերցրեցինք: Որոշակի շեղումներից հետո՝ հիմա հստակ այդ ճանապարհով ենք շարժվում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունն ի նպաստ կլինի նաև Հայաստանում այդ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժան Ասելբորնը շեշտել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով:
«Ես Հայաստանում եմ եղել նաև 2018 թվականին: Այս այցի շրջանակում վարչապետի, Արտաքին գործերի նախարարի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում»,- ասել է Ասելբորնը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներն, Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությանը:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժան Ասելբորնը շեշտել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով:Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով: