Խոչընդոտում են 168.am-ի և «Առավոտ»-ի լրագրողների աշխատանքը (տեսանյութ)

Նորագյուղի 9/28 ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարը, նախագահը խոչընդոտեցին գազելով բերման ենթարկված կանանց քվեարկությունը լուսանկարելու լրագրողների աշխատանքը: Նշենք, որ նույն շենքում տեղակայված է նաև 9/27 ընտրատեղամասը, որից դուրս գալուց հետո էլ ականատես եղանք գազելով բերված ընտրողներին: Մենք՝ 168.am-ի և «Առավոտի» լրագրողներս, վերադարձանք ընտրատեղամաս՝ փորձելով արձանագրել, թե ինչպե՞ս են ընտրողները  դուրս գալիս տեղամասից և արդյո՞ք քվեարկում էին իրենց անվան դիմաց, թե՞ ոչ:

Սակայն հանձնաժողովի քարտուղարը սկսեց բղավել, թե իրավունք չունեք նկարահանել կամ լուսանակարել ընտրատեղամասը, եթե գրանցված չեք: Մենք ցույց տվեցինք մեր անձը  հաստատող փաստաթղթերը, մոտեցանք գրանցվելու և նկարահանելու կանանց, բայց քարտուղարն աղմուկ բարձրացրեց՝ գոռալով ողջ ընտրատեղամասով, թե «եկել եք գաղտնի նկարահանում եք»:

Այս ընթացքում գազելով ընտրատեղամաս բերված կանայք քվեարկում և դուրս էին գալիս: Տեսնելով, որ կանայք դուրս են գալիս, մենք խնդրեցինք մի փոքր արագ կատարել գրանցման աշխատանքը, որպեսզի կարողանանք նկարահանել: Բայց քարտուղարը, կարծես միտումնավոր, երակարաձգում էր աշխատանքը: Նրանք հրավիրեցին ոստիկաններին: Որքան էլ փորձեցինք համոզել, որ որևէ կադր ընտրատեղամասի ներսում չենք նկարահանել, չհավատացին, ու դիտեցին տեսախցիկի բոլոր տեսանյութերը: Մինչ ոստիկաններին բացատրում էինք իրավիճակը, գազելով բերված կանայք քվեարկեցին և դուրս եկան, որից հետո  միայն հանձնաժողովի քարտուղարը գրանցեց մեզ ու թույլ տեց տվեց աշխատել իրենց ընտրատեղամասում:

Տեսանյութեր

Լրահոս