«Արարատ Միրզոյանը պետք է բարձրացնի Լաչինի միջանցքի հարցը, որը թուրքական ծրագրի մաս է, հեղինակը Թուրքիան է». Ռուբեն Սաֆրաստյան
Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թուրքիա։ Երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Այցի ընթացքում Անկարայում նախատեսված է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Տեղեկությունը երեկ տարածել էին ՀՀ ԱԳՆ-ից։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Հայաստանը ցամաքային սահմանով մարդասիրական նոր բեռ է ուղարկել Թուրքիա, բեռը, ինչպես և նախորդ անգամ, Թուրքիա է ուղարկվել Մարգարայի կամրջով։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարվող այցին և հերթական մարդասիրական օգնությանը, նշեց, որ Հայաստանի աջակցությունը ոչ թե դիվանագիտական քայլ է, այլ մարդասիրական օգնություն՝ Թուրքիային, որը շարունակվում է առաջին օգնությունը տրամադրելուց հետո։
«Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի այցին, ապա չեմ կարծում, որ այդ այցը կոնկրետ արդյունք կտա, սպասենք ու տեսնենք։
Վերջին անգամ Արարատ Միրզոյանը Թուրքիա էր գնացել՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին՝ նախորդ տարի»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ նրա, Չավուշօղլուի հետ հանդիպմանը, բնականաբար, կքննարկվեն նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցեր։
«Կարծում եմ՝ Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, նա կշարունակի իր պահանջները, նախապայմանները ներկայացնել Հայաստանին՝ գործադրելով ճնշում, որպեսզի Հայաստանն ընդունի այդ պահանջները։ Ըստ իս, հանդիպումն այդպիսի ընթացք կունենա»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Արդյո՞ք Արարատ Միրզոյանը թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի և նաև պետք է բարձրացնի Բերձորի ճանապարհի հարցը, քանի որ Ադրբեջանը դժվար թե առանց Թուրքիայի հովանավորության 2 ամսից ավելի փակեր Արցախի միակ ճանապարհը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Արարատ Միրզոյանը պետք է բարձրացնի Լաչինի միջանցքի հարցը, ավելին՝ կարծում եմ՝ Լաչինի միջանցքի բլոկադան, շրջափակումը, որն իրականացնում է Ադրբեջանը, կազմում է թուրքական ծրագրի մաս։ Այսինքն՝ ոչ միայն Թուրքիան օժանդակում է, հենց ինքն էլ հեղինակն է, ուղղակի Ադրբեջանն այդտեղ կատարողն է։ Հետևաբար՝ հանդիպմանը շատ տրամաբանական է, որ այս հարցն Արարատ Միրզոյանը բարձրացնի»։