Վրաստան ամենամեծ թվով այցելուները եղել են Ռուսաստանից, Թուրքիայից և Հայաստանից

2022 թվականին Վրաստան ամենամեծ թվով այցելուները եղել են Ռուսաստանից, Թուրքիայից և Հայաստանից: Նման ցուցանիշներ է հրապարակել Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակը:

Այցելուների 23,3%-ը եղել են Ռուսաստանից: Երկրորդ հորիզոնականում է Թուրքիան՝ ընդհանուր այցելուների թվի 18,1 %-ով: Իսկ Հայաստանից Վրաստան է ժամանել ընդհանուր զբոսաշրջիկների թվի 13,5 %-ը:

Գրասենյակը հավելում է, որ անցյալ տարվա ընթացքում Վրաստան ամենամեծ թվով այցելությունները կատարել են ՌԴ քաղաքացիները՝ 1,1 մլն, Թուրքիայի քաղաքացիները՝ 925,6 հազար և Հայաստանի քաղաքացիները՝ 742,6 հազար:

Միջազգային ուղևորների ժամանումների ընդհանուր թիվը Վրաստան 2022 թ.-ին կազմել է 5,4 միլիոն, որից միջազգային ուղևորների այցելությունների թիվը կազմել է 4,7 միլիոն։

Միջազգային ուղևորների ժամանումների թիվը 2021 թ.-ի համեմատ 2,9 անգամ ավելի է եղել, իսկ միջազգային ուղևորների այցելությունների թիվը՝ 2,7 անգամ։

Գրասենյակը նշում է, որ միջազգային այցելուների 77,6 %-ը միայն զբոսաշրջիկներն են եղել, իսկ այցելուների 18,7 %-ի ուղևորությունը չի ներառել գիշերակացը Վրաստանում:

Այցելությունների մեծամասնությունը՝ 53,6 %-ը, կատարվել է արձակուրդի, ժամանցի և հանգստի նպատակով, ընդ որում՝ այցի ընթացքում անցկացրած գիշերների միջին թիվը կազմել է 6,3:

Այցելությունների մեծ մասը եղել է մայրաքաղաք Թբիլիսի՝ 2,6 մլն այցելությամբ, և Սևծովյան Աջարիա՝ 2,1 մլն։

Միջազգային ուղևորներն անցյալ տարի Վրաստանում ծախսել են 10.8 մլրդ լարի (գրեթե 4 մլրդ դոլար), յուրաքանչյուր այցի ժամանակ՝ գրեթե 2300 լարի (865 դոլար): Եկամտի մեծ մասը՝ 45,6 %-ը, բերել են 31-50 տարեկան զբոսաշրջիկները:

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակի՝ 2022 թ.-ին միջազգային զբոսաշրջիկներից ստացված գումարը 2021 թ.-ի համեմատ աճել է 182,5 %-ով:

Տեսանյութեր

Լրահոս