Բաժիններ՝

Գեղարքունիքում կայացել է Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հանրային լսումը

Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հանրային չորրորդ լսումը։

Հանրային քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզի համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարներ, փորձագետներ։

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, որ այս պահին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվում են Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։ Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծի հայեցակարգային, սոցիալ-տնտեսական հիմնավորումը նպատակաուղղված է տարածաշրջանի եւ համայնքների ներքին պոտենցիալ հնարավորությունների եւ նախադրյալների բացահայտմանը, դրանց լիարժեք, համակողմանի եւ արդյունավետ օգտագործմանը՝ բնապահպանական խնդիրների համալիրի իրականացմամբ:

Մշակվող միկրոռեգինալ մակարդակի փաստաթուղթն իրենից ներկայացնում է բազմանպատակ նախագիծ, որի հիմնական նպատակը համայնքների տարածքում տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձեւավորումն է, կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, տարածական-տնտեսական գործունեության համակարգված կազմակերպումը, տարածաշրջանի եւ համայնքների գործառնական-հատակագծային տնտեսական եւ մշակութային կապերի, ճարտարապետա-հատակագծային կառուցվածքի եւ ֆունկցիոնալ գոտեւորման խնդիրների լուծումը` քաղաքաշինության, արտադրության զարգացմանը նպաստող արդյունավետ պայմանների եւ բնական միջավայրի, նյութական մշակութային ժառանգության պահպանման ու կատարելագործման ապահովմանն ուղղված միջոցառումների առաջադրմամբ, բնական, տնտեսական եւ աշխատանքային ռեսուրսների համալիր եւ արդյունավետ օգտագործմամբ։

«Նախագծման գործընթացը կազմակերպվել է հետեւյալ սկզբունքով՝ ելակետային նյութերի հավաքագրում, տեղային հետազոտություններ, բազմագործոն համակողմանի վերլուծություններ, համալիր գնահատում՝ հաշվի առնելով համայնքների իրական հնարավորությունները, ռեսուրսային պոտենցիալը եւ կարիքները, գնահատման արդյունքների ամփոփմամբ բնակավայրերի հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունների, տարբեր գործառնական գոտիների, սոցիալ-մշակութային ենթակառուցվածքի եւ այլ գործառույթների տեղաբաշխման, գոտիների միջեւ անվտանգ, արդյունավետ եւ հարմար գործառնական-հատակագծային կապերի առաջադրմամբ։

Նախագծի մշակման ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կայացել են չորս հանրային լսումներ, որոնց ընթացքում համայնքների ներկայացուցիչներն իրազեկվել են մշակվող փաստաթղթի հիմնական դրույթներին, հարցադրումների եւ առաջարկությունների միջոցով համալրել նախանշումները։ Համալիր փորձաքննության ենթարկվելուց եւ շահագրգիռ մարմիններից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունները ստանալուց հետո այն կներկայացվի համայնքի ավագանու (գլխավոր հատակագծի եւ գոտեւորման մասով) եւ մարզպետարանի՝ տարածքային հատակագծման մասով, հաստատմանը, որից հետո համայնքների համար կծառայի որպես քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող հիմնական ծրագրային փաստաթուղթ-ուղեցույց»,-ներկայացրեց Նունե Պետրոսյանը։

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին պատասխանել են պետական մարմիններին ներկայացուցիչները եւ փորձագետները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս