Բաժիններ՝

Գարեգին Երկրորդը Պորտուգալիայի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի պատճառով Արցախում ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել է արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է համարել միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։

Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորել է կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս