Բաժիններ՝

Երանելի Սարգիս Շնորհալի. Խոնարհության մասին

«Ո՛վ մարդ, եթե ուզում ես հասնել անչափելի մեծության, ես ցույց կտամ քեզ դրա օրինակը ոչ թե երկրավոր և մարդկային երևույթների միջոցով, այլ Աստծու անսահման մարդասիրության, որ փոքր բաներ խնդրողին մեծագույն շնորհների է արժանացնում: Դրա համար ասաց. «Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի»:

Ո՛վ անճառելի գթություն, ո՛վ չափազանց քաղցրություն, որ ինչի դիմաց ինչ է շնորհում: Քանզի չի կարող հանդուրժել իր պատկերն այդքան խոնարհեցրած և անտեսված, ուստի և շտապում է բարձրացնել: Եվ միայն ցանկանում է, որ հակառակ ճանապարհով գնա, այսինքն՝ խոնարհության՝ հակառակ ամբարտավանությանը, և սգի ու ապաշխարության՝ հակառակ մեղքին:

Արդ, եթե հայրը որդուն սգի և արտասուքի մեջ տեսնի, մի՞թե կանտեսի, հակառակը, կկարեկցի և գթությամբ վշտակից կլինի, կջանա մխիթարություններ հորինել և արտասուքների պատճառը վերացնել: Վեր կբարձրացնի գետնից, բազում աղերսանքի խոսքեր կասի գորովագին սիրով, մինչև որ չդադարեցնի արտասուքները: Եվ եթե մարդն այսպես կանի, ապա առավել ևս Աստված, որ Հայր է գթության և Աստված մխիթարության, երբ տեսնի մարդուն իր երկյուղից չափազանց խոնարհված, և սգի ու արտասուքի մեջ, մեղքերի համար քուրձ հագած ու մոխրի վրա նստած, չի անտեսի, այլ վշտակից ու սգակից կլինի նրան և կմխիթարի՝ ասելով. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28), և մի այլ տեղ. «Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում, և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից ետ դառնա ու ապրի» (Եզեկիել 18:23), և նորից.

«Անօրենը, եթե ետ կանգնի իր գործած անօրենություններից ու… արդարություն գործի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու» (Եզեկիել 18:21), և դարձյալ. «Եթե ձեր մեղքերն արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ» (Եսայի 1:18): Եվ նմանօրինակ բազում բաներով սիրաշահելով՝ խոսում է սգավորի հետ և երանի տալիս նրա սգին ու մխիթարության արժանի համարում՝ ասելով. «Երանի՛ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթեոս 5:4), մինչև որ այսպիսի խոսքերից համարձակություն ստանալով մարգարեի հետ ասի. «Սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ և խնդություն հագցրեց ինձ» (Սաղմոս 29:12), և թե. «Երեկոյան մեղքերի համար ինձ կուղեկցի լացը, իսկ առավոտյան՝ Աստծու գթությունն ինձ համար ուրախություն կլինի» (հմմտ. Սաղմոս 29:6), քանզի Աստված իմ աչքերից սրբեց ամեն արտասուք, որ մեղքերի պատճառով եղավ (հմմտ. Հայտնություն 7:17):

Կարդացեք նաև

Այս ամենը տեսնելով՝ ասաց. «Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի»: Դու, ասում է, խոնարհվում ես որպես մարդ մեղքերիդ և անօրինություններիդ համար, և նա բարձրացնում է քեզ՝ ըստ իր ողորմության և մարդասիրության:

Եվ ինչպես բոլոր չարիքների գլուխն ամբարտավանությունն է, այդպես էլ բոլոր առաքինությունների սկիզբը խոնարհությունն է: Եվ նա, ով իսկապես ունի այդ, Քրիստոսի կերպարն է իր վրա կրում՝ ճշմարիտ հեզի և խոնարհի, նրա, ով Աստծու կերպարանք ուներ, սակայն ծառայի կերպարանք ստացավ, այսինքն՝ ծառայի կերպարանքով կանգնեց աշխարհի բոլոր խոնարհների դիմաց: Եվ քանի որ այդքան բարի է և մեր բնությունը բարձրացնող, բոլոր բարի գործերի սկիզբն է և հատկապես՝ նեցուկն ու հենարանը, քանզի եթե առանց նրա առաքինության կառույցը մինչև երկինք հասցնես, միևնույնն է՝ վերևից ներքև կտապալվի և կոչնչանա՝ Տիրոջը որպես հիմք չունենալով: Այդ պատճառով մեր Տերը երանությունների հիմքը դրա վրա դրեց և նրանց խոստացավ որպես հաղթության պսակ տալ երկնքի արքայությունը, ովքեր իսկապես կառաջնորդվեն դրանով, ըստ Քրիստոսի խոնարհության, այլ ոչ թե հարկավորաբար, ոչ մարդկանց աչքին երևալով և ոչ էլ կեղծավորաբար խոնարհություն դրսևորելով, այլ միայն Աստծու սիրո համար: Ուստի խոսքով և կերպարանքով բազմաթիվ խոնարհներ կան, իսկ գործերով և ճշմարտությամբ՝ քչերը: Հետևաբար ոչ մի օգուտ չկա խոսքով ասել՝ ես մեղավոր եմ, պիղծ և անարժան, սակայն ուրիշներից այդ խոսքերը լսելով՝ ըմբոստանալ և հակառակվել:

Այլ, ըստ Աստծու ճշմարիտ խոնարհը նա է, որ ոչ նախատինքներից է տրտմում ու զայրանում և ոչ էլ՝ գովասանքներից ուրախանում և փառավորվում, այլ ինքն իրեն անարժան է համարում այդպիսի պատվի, և արժանի՝ հազարավոր նախատինքների: Այդպիսի խոնարհներին Տերը շնորհներ է տալիս. որդեգրության, արքայություն ժառանգելու, Քրիստոսի հետ մեծության, ինչպես նաև բազում այլ աստվածատուր շնորհներ, որ անճառելի են խոսքով և մտքի համար անընկալելի ու անհասկանալի:

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս