«Մանվել Գրիգորյանն անձնավորություն էր, որը թուրքերին սովորեցրեց վազել պատերազմում. կոչումների ինստիտուտը վերանայել անցյալի առումով՝ լուրջ չէ». Փաստաբան

Փետրվարի 7-ին խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, կարո՞ղ են մտածել, որ նույն Մանվել Գրիգորյանի «օպերացիան» են ուզում կրկնել՝ հայրենիքի հերոս Սեյրան Օհանյանին դարձնեն թալանչի։

Ալեն Սիմոնյանը նախ ասաց, թե հարցը լավ չի հասկանում, երբ լրագրողը վերաշարադրեց հարցը՝ նորից շեշտելով «օպերացիան ուզում են կրկնել» արտահայտությունը, ԱԺ նախագահը շարունակեց.

«Ես չեմ հասկանում՝ «օպերացիա» ասելով՝ ի՞նչ ի նկատի ունեք, կրկին չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ «օպերացիա», ճիշտ չեք հասկացել՝ իշխանությունն «օպերացիաներ» չի ներկայացնում։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ապա դատարանում գործ կա, և ես չեմ կարծում, որ պետք է ես մեկնաբանություններ անեմ, առավել ևս, որ Մանվել Գրիգորյանն այլևս ողջ չէ։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա ես ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկն ուսադիրներ ունի, կա՛մ իր փայատերերը, կա՛մ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն»։

168.amԵԿՄ նախկին նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ նախագահի այս հայտարարությունը՝ կոչումներ տալու և այդ ինստիտուտը վերանայելու վերաբերյալ։

Կարդացեք նաև

«ԱԺ նախագահի այդ ելույթը չեմ լսել, այն չեմ մեկնաբանի, սակայն ասեմ՝ այն, որ Մանվել Գրիգորյանի կերպարը հակասական է եղել՝ հանրահայտ փաստ է։ Մանվել Գրիգորյանը նաև ասոցացվում է Արցախյան առաջին պատերազմի հետ, սա ևս հանրահայտ փաստ է։ Նա անձնավորություն էր, որը թուրքերին սովորեցրեց վազել պատերազմում, եթե նրա նման մի քանի գեներալներ լինեին 44-օրյա պատերազմի ժամանակ, հաստատ կսովորեցնեին նույնը։ Այս ամենը հանրահայտ փաստեր են, որոնք քննարկման ենթակա չեն։

Իսկ եթե գործող իշխանությունն ուզում է վերանայել կոչումներ տալու ինստիտուտը, թող վերանայի, դա իր սահմանադրական իրավունքն է, բայց վերանայել անցյալի առումով, կներեք՝ սա լուրջ պահվածք չէ։

Տեսեք, Անդրանիկ Օզանյանն այսօր ներկայացվում է դրական կերպար, սակայն իր կենդանության օրոք նույն հոդվածներով էին ժամանակի իշխանությունները գործ հարուցել նրա դեմ, ինչ Մանվել Գրիգորյանի դեպքում։ Ի տարբերություն այս իշխանությունների, այն ժամանակվա իշխանությունները Թուրքիային գրել էին, որ քրեական գործ են հարուցել, Անդրանիկ Օզանյանին ձերբակալեք՝ բերեք այստեղ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը ճիշտ չի համարում նման դեպքում ընտրովի արդարադատություն, հետուառաջ անելը։

«Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, կարծում եմ՝ այսօր երկրում ավելի առօրեական խնդիրներ կան, սկսած անվտանգությունից, վերջացրած այլ հարցերով։ Քիչ առաջ իմ վստահորդը բանկերից մեկում գործարք էր կատարում, ու ես տեսա, թե որքան խնդիրներ կան այնտեղ, սրանք են առօրեական խնդիրները, որոնցով այսօր իշխանությունը պարտավորություն ունի զբաղվելու»,- շեշտեց նա։

Ի վերջո՝ իշխանությանը հաջողվե՞ց հասնել իր նպատակին՝ Մանվել Գրիգորյանին հասարակությանը ներկայացնելու՝ որպես «կոռուպցիոներ ու թալանչի», մեր զրուցակիցը պատասխանեց, որ դատական գործընթացում «տուշոնկաների» գործը չապացուցեցին, քանի որ դրանք այլ տեղերից բերել դրել էին պանսիոնատում՝ հայտարարելով, թե այնտեղ է հայտնաբերվել։

«Անթերի մարդ գոյություն չունի, յուրաքանչյուրն իր թերությունն ունի, բայց ցանկացած գործառույթ իրականացնելիս, պետք է կարողանան ամեն ինչ համալիր տեսնել։ Ինչքան հանճարեղ մարդիկ կան, որոնց ես ճանաչել եմ՝ սկսած Գոհար Գասպարյանից, վերջացրած իր ամուսնով, Օհան Դուրյանով, բոլորն այս երկրից նեղացած են գնացել, քանի որ նրանց ճիշտ չեն գնահատել։ Այն, որ Մանվել Գրիգորյանն այս իշխանության կողմից ճիշտ գնահատականի չարժանացավ՝ հանրահայտ փաստ է, ուղղակի «սև ու սպիտակի» քաղաքականությունը որքան շուտ մենք վերացնենք, այնքան մարդիկ կկարողանան լավ ապրել։ Այսօր ՀՀ օրինապահ քաղաքացին իր յուրաքանչյուր քայլին առնչվում է պետական լիազոր մարմնի՝ թող ներվի՝ ապիկար գործողությունների բացասական հետևանքներին։ Սա է խնդիրը, որն այսօր իշխանությունը պետք է լուծի»,- եզրափակեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս