Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստ է իր ստորագրությունը տալ՝ Մարգար Օհանյանի ազատ արձակման համար
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») պատրաստ է իր ստորագրությունը դնել՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի ազատ արձակման խնդրագրի տակ, որ նրան ներում շնորհեն: Այս մասին նա ասել է news.am-ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Մարգար Օհանյանը մինչև Ճանապարհային ոստիկանության պետ լինելը դժվար ճանապարհ է անցել:
«Պատերազմի մութ ու ցուրտ տարիներին, երբ հայ ժողովրդի գոյությունը պահպանելու համար դժվարությամբ սնունդ էինք բերում, այդ ամբողջ բեռները ուղեկցում էր Մարգարը ու շատ դժվարին, կրակոցներով ուղի էր անցնում: Իր կյանքի գնով այդ սնունդը բերել հասցրել է Հայաստան: Այդ ամենը տեսնելով ու հիշելով, կարծում եմ, որ մարդու կատարված սխալի համար կարելի է ներել: Հատկապես այն դեպքում, երբ այդ ամենի համար փոխհատուցել է: Նա արդեն ստացել է իր պատիժը: Ավելի ճիշտ է, նրան պատասխանատու աշխատանքներից զրկեն, քան տանեն բանտարկեն»,- ասել է Հակոբ հակոբյանը:
Նրա կարծիքով՝ եթե Մարգար Օհանյանը կատարել է արարք և վերականգնել է գումարը, նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում: «Իսկ մենք գիտենք, որ հանցանք կատարած անձին բանտարկում են հասարակությունից մեկուսացնելու համար: Հանրապետության նախագահը, եթե ներում շնորհի՝ ուժեղներին հարիր գործ կատարած կլինի, որովհետև ուժեղները միշտ ավելի շատ ներող են լինում, քան՝ պատժողները»,- ասել է Հակոբ Հակոբյանը:
Հարցին, թե իր շրջապատին հորդորելու է, որ նրանք էլ ստորագրե՞ն խնդրագրի տակ, նախկին պատգամավորը պատասխանել է. «Իհարկե, եթե նախաձեռնողներն ինձ դիմեն, առաջիններից մեկը ես կլինեմ, ով կստորագրի և կխնդրենք երկրի նախագահին, որ ներում շնորհի, որովհետև Մարգարը հասարակության համար վտանգ չի ներկայացնում»:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի և ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել և ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս: