Բաժիններ՝

ԱՀԿ-ն երկարաձգել է COVID-19-ի պատճառով համաշխարհային առողջապահության ոլորտում գործող արտակարգ իրադրության ռեժիմը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս երեք ամսով երկարաձգել է համաշխարհային առողջապահության ոլորտում 2020 թ. հունվարից COVID-19-ի բռնկման պատճառով գործող արտակարգ իրադրության ռեժիմը։ Այս մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն արձանագրել է, որ այս համավարակը «շարունակում է իրենից արտակարգ իրադրություն ներկայացնել հանրային առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի», – հայտնել է ԱՀԿ Ժնևի կենտրոնակայանը՝ ամփոփելով կազմակերպության արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստի արդյունքները։

ԱՀԿ-ի՝ COVID-19-ի հարցերով արտակարգ իրադրության հանձնաժողովը հրավիրվում է երեք ամիսը մեկ անգամ: Ներկայիս հանդիպումը թվով 14-րդն է 2020 թ. հունվարից ի վեր։ Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի համավարակը «հնարավոր է, մոտենում է բեկումնային կետին»։

Նրանց կարծիքով, պատվաստումների և անցյալում քովիդով հիվանդանալու արդյունքում աշխարհի բնակչության կողմից իմունիտետի մակարդակի բարձրացումը «կարող է սահմանափակել SARS-CoV-2-ի ազդեցությունը հիվանդացության և մահացության վրա»:

Դրա հետ մեկտեղ, հանձնաժողովն ընդգծել է. «Կասկած չկա, որ տեսանելի ապագայում այս վիրուսը մարդկանց և կենդանիների համար կմնա մշտապես ներկա պաթոգեն»:

Ինչպես կարծում են փորձագետները, «թեև «մարդկանց և կենդանիների շրջանում այս վիրուսի վերացումը շատ քիչ հավանական է», սակայն հիվանդացության և մահացության վրա դրա ազդեցության մեղմացումը «հասանելի է և պետք է լինի առաջնահերթ նպատակ»:

Այս կապակցությամբ հանձնաժողովն ԱՀԿ-ին հանձնարարել է «մշակել արտակարգ իրադրության ռեժիմի ավարտից հետո քովիդի դեմ պայքարի այլընտրանքային մեխանիզմների առաջարկներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս