Բաժիններ՝

Եգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանը

Եգիպտոսի իշխանությունները պատրաստվում են Եգիպտական մեծ թանգարանի (GEM) բացմանը, որի կառուցման մեջ ներդրումները գերազանցել են մեկ միլիարդ դոլարը՝ այն դարձնելով ամենաթանկարժեք թանգարանն աշխարհում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Եգիպտական ​մեծ ​թանգարանը գտնվում է Գիզայի սարահարթի Մեծ բուրգերից ոչ հեռու: Զբոսաշրջիկներին GEM գրավելու համար մոտակայքում նույնիսկ կառուցվել է «Սֆինքս» օդանավակայանը:

Այն կզբաղեցնի 300 հազար քառակուսի մետր տարածք և կդառնա Մերձավոր Արևելքում և աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը։ GEM-ը ներառում է հսկայական ցուցասրահներ, որոնցից գլխավորը լինելու են պատկերասրահները. այնտեղ կցուցադրվեն Թութանհամոնի դամբարանի գրեթե բոլոր ցուցանմուշները։

Առաջին անգամ մեկ վայրում այցելուները կկարողանան տեսնել 5 հազար արտեֆակտ, այդ թվում՝ փարավոնի հայտնի ոսկե դիմակը, մարտակառքերը, սարկոֆագները, ոսկե մահճակալները, սադափե զարդերը՝ դրվագված թանկարժեք քարերով: Թանգարանում կցուցադրեն նաև Քեոփսի հանրահայտ ,արևայինե նավը, որը հոգիները տեղափոխում էր հանդերձյալ աշխարհ: Նավի երկարությունը 42 մետր է: Այն 4600 տարեկան է և հանդիսանում է աշխարհում պահպանված հնագույն փայտե նավերից ամենամեծը:

Պետական ​​հեռուստատեսության եթերում Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության ներկայացուցիչները պատմել են, որ GEM-ի բացման արարողությունը լինելու է «վիթխարի և լեգենդար»:

Դրան հրավիրվելու են տարբեր երկրների առաջին դեմքերը։ Բացումը դառնալու է տոն պետական մակարդակով՝ հանդիսավոր համերգ, թատերականացված ներկայացումներ և այլ միջոցառումներ: Թանգարանի բացման ամսաթիվն առայժմ հայտնի չԷ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ GEM-ը կբացվի 2023 թ.-ին: Տեղի բնակիչների համար այցելության արժեքը կկազմի 60 եգիպտական ​​ֆունտ (2 ԱՄՆ դոլար), ուսանողների համար՝ 30 ֆունտ (1 ԱՄՆ դոլար)։ Օտարերկրյա զբոսաշրջիկները թանգարան մուտք գործելու համար պետք է վճարեն մի փոքր ավելի՝ 200 ֆունտ ( 6.5 ԱՄՆ դոլար), օտարերկրյա ուսանողները՝ 100 ֆունտ (շուրջ 3 ԱՄՆ դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս