«Շատ բաժանեցի, հիմա էլ որոշել եմ ինքս վայելել իմ գումարները»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախընտրական շրջանի քարոզչությանը` ասաց. «Ընդհանուր առմամբ, անբարոյական է, թեկնածուները միմյանց չեն հանդուրժում, դարձել է բամբասանքների երկխոսություն, թիմերն իրար վրա ցեխ են շպրտում, մի խոսքով` ես համարում եմ, որ զբաղվում են սև PR-ով: Ես նկատի ունեմ միմյանց, մեկը մյուսին: Պարույր Հայրիկյանի գործողությունն իրար վրա են գցում, չգիտեմ ինչ,  մի խոսքով` ես համարում եմ` բոլոր այն մոտիվները, ծրագրերը, որոնք իրենք ունեն, դրանցից ոչ մեկը չեն կարող մեզ տալ իսկական Հայաստան, թեկնածուների մեջ ոչ մեկն ունակ չի: Բացի տառապանքից և, ասենք, ավելի վատ վիճակից՝ իրենք ոչ մի բան չեն տա Հայաստանին` բոլոր թեկնածուները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Նրա խոսքով` ինքը երբևէ չի ցանկացել նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրել, քանի որ ընտրություններն անարդար են անցկացվում, իսկ խորհրդարանական ընտրություններն էլ իրեն ապացուցեցին, որ «ժողովուրդը փող է վերցնում»: Հարցին, թե, օրինակ, ինքը, ով հեռուստաալիք ուներ, մարդկանց համար ինչ-որ գործ էր անում, արդյո՞ք հիմա վիրավորված չի զգում իրեն, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Այո, ես վիրավորված եմ զգում այն առումով, որ մեր տաղանդավոր ժողովուրդը, որը դարեդար է անցել, այսօր ձեռք չի մեկնում այն մարդկանց, որոնք նվիրված են, այլ ձեռք է մեկնում փալանչիներին, նրանց, որոնք դրսի ուժերի համար են աշխատում: Ես դա չեմ հասկանում»: Այդ պատճառով Տ. Կարապետյանը որոշել է, որ այսուհետ իր գումարները ծախսելու է իր համար: «Գնացի Կուբա, գնալու եմ Հնդկաստան, ուզում եմ գնալ Ճապոնիա: Ես ուղղակի ուզում եմ աշխարհ տեսնել, որովհետև շատ բաժանեցի, հիմա էլ ուզում եմ ինքս վայելել իմ գումարները»:  Նրա ասելով` ինքն այլևս ակտիվ գործունեություն չի ծավալում քաղաքական դաշտում, որովհետև անբարոյականության մթնոլորտից հիասթափվել է: «Մի կողմից՝ ընտրվողներն են կաշառում, մյուս կողմից` ժողովուրդն է կաշառվում, մի կողմից՝ սուտ ընդդիմադիրներ են հայտնվում ու սկսում հետևել Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, չգիտեմ ինչ… Դրանք լրիվ խաբկանքներ են: Գիտեք, ես չեմ ուզում վերջնականապես հիասթափվել, դրա համար ես ետ կքաշվեմ, իմ ժողովրդի համար հավատարիմ կլինեմ, որովհետև ես հայ եմ` բառի բուն իմաստով: Ես քաղաքականությունից հեռանում եմ»,- ավելացրեց  Տ. Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս