«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ամբողջ տարածքում
Կառավարության հունվարի 26-ի նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները:
«Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները, ներառյալ՝ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր բնակավայրերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում են 16 խոշոր կենտրոններ, որոնցում հնարավոր է սովորել «Թումոյի» ամբողջական կրթական ծրագրով և 110 շարժական «Թումո տուփեր», որոնք հիմնականում տեղադրվում են դպրոցների հարևանությամբ:
«Թումո տուփերի» միջոցով երեխաներն անցնում են ուսումնառության առաջին հատվածը, որն առավել հիմնված է ինքնուսուցման վրա: Այնուհետ 2-րդ փուլի ուսուցումը հնարավոր է շարունակել խոշոր կենտրոնում՝ օգտվելով տրանսպորտային ծառայությունից:
«Այս մոդելով է աշխատում Դիլիջանի կենտրոնը: Գավառում և Բերդում «Թումո տուփի» առաջին փուլի ուսումնառությունից հետո երեխաները կրթությունը խորացնում են Դիլիջանի խոշոր կենտրոնում: 16 կենտրոնները և 110 տուփերը ծածկելու են Հայաստանի ամբողջ աշխարհագրությունը՝ հասանելի դարձնելով կրթական ծրագիրը բոլոր բնակավայրերում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս պահին ընթացքի մեջ են նաև մի շարք տուփերի տեղադրման և Կապանում, Էջմիածնում ու Կողբում խոշոր կենտրոնների կառուցման աշխատանքները:
Նախարարի գնահատմամբ՝ կարևոր հանգամանք է «Թումո տուփի»՝ դպրոցների հարևանությամբ տեղադրումը, ինչը հնարավորություն է դպրոցների զարգացման, իսկ երեխաների և ուսուցիչների համար՝ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման տեսանկյունից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացմամբ՝ «Թումո» ծրագրի ընդլայնման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ նախագծի հաստատումը հնարավորություն է տալիս, որ 900 երեխաներ Ախուրյանում և 300-ը՝ Փանիկում, կարողանան օգտվել ծրագրից: «Թումո» ծրագիրն ունի 14 ուղղություն, այդ թվում՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն:
Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հատկանշական է, որ կենտրոնները բացվում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերում, ինչը մշակութային ժառանգությանը նոր շունչ է հաղորդում և նոր միջավայր ստեղծում: Գյումրիում կենտրոնը կառուցվել է թատրոնի պատմական շենքում, իսկ Կապանում նախատեսվում է հին կայարանի շենքում: 7 «Թումո» կենտրոն գործում է նաև արտերկրում: Կենտրոնների ստեղծմամբ հետաքրքրված են նաև Ճապոնիայում և Մեքսիկայում. «Թումո» կենտրոնները դառնում են նաև արտահանվող կրթական ծառայություն: